Գարիկ Մինասյան. Առցանց անմաքս առևտրի 200 հազար դրամի շեմը կգործի մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը
Մինչև 2023 թ. ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաքանիների համար, որոնք բերվում են փոխադրողների միջոցով կամ միջազգային փոստային առաքանիներով, գործելու է 200 հազար դրամ և (կամ) 31 կգ արտոնության շեմը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանը։
«2022 թվականի սեպտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 151 որոշման համաձայն, մինչև 2023 թ. ապրիլի 1-ը երկարաձգվեց անմաքս առևտրի արտոնության ժամկետը։ Փոխադրողների կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ԵԱՏՄ ընդհանուր տարածք, այդ թվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար սահմանվեց 1000 եվրո շեմը։ Սակայն Հայաստանի Հանրապետությունում սահմանված է ավելի խիստ նորմ՝ 200 հազար դրամ և (կամ) 31 կգ արտոնության շեմը»,-մանրամասնեց ՊԵԿ պաշտոնյան։
Գարիկ Մինասյանը հիշեցրեց՝ տվյալ կարգավորումը վերաբերում է յուրաքանչյուր առաքանուն և բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։
«Եթե քաղաքացին այսօր պատվիրել է առաքանի, որի արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, նա հաջորդ օրը նույնպես կարող է պատվիրել նման առաքանի, այդ դեպքում ևս արտոնությունը կիրառելի է։ Բայց այս ամենը վերաբերում է բացառապես անձնական օգտագործման ապրանքներին։ Արտոնության շեմը չի վերաբերի այն քաղաքացիներին, որոնք բիզնես գործունեություն կիրականացնեն»,-ասաց ՊԵԿ վարչության պետը։
Մինասյանը թվարկեց՝ անձնական օգտագործման միջոցներ են համարվում հեռախոսը, համակարգիչը, ականջակալը, հագուստը և այլն։ Փոստային առաքանիների միջոցով ԵԱՏՄ տարածք չի թույլատրվում ներմուծել թմրանյութեր, հոգեմետ դեղեր և այլն։
ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ առցանց պատվիրող քաղաքացիների համար արտարժույթի արժեզրկումն էլ շահեկան պայմաններ է ստեղծել, հետևաբար այս ու այլ հանգամանքով պայմանավորված մեծացել են օնլայն գնումների ծավալները։
Հիշեցնենք, որ նախորդ որոշումը, որի գործունեության ժամկետը երակրաձգվեց սեպտեմբերի 23-ին, ընթացիկ տարվա մարտի 17-ին կայացվել էր Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել էր 1000 եվրո: Որոշումն ուժի մեջ էր մտել մարտի 31-ին։
Սակայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից գործում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։
Հարակից հրապարակումներ`
- Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը
- Անմաքս առևտրի շեմը ՀՀ դեպքում կլինի ոչ թե 1000 եվրո, այլ մոտ 400. ՊԵԿ
- Առցանց անմաքս առևտրի 1000 եվրոյի շեմը կգործի մինչև հոկտեմբերի 1-ը
- Առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ
- Հայաստանում անմաքս առևտրի գոտու ռեժիմից կօգտվեն նաև ցամաքային անցակետերում գործող առևտրի կետերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան