Մենք էլ ենք ցանկանում նոր աշխատատեղեր ունենալ, բայց ոչ մեր ջրերի հաշվին․ Եղեգիս համայնքի ղեկավար
«Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման տեղամասում երկրաբանական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումը տապալվել է: ԷկոԼուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղում համայնքը դեմ է արտահայտվել նախատեսվող գործունեությանը:
«Սկզբում նորմալ սկսեցինք քննարկումը, հետո թեժացավ, դրսից մարդկանց էին բերել, որ կապ չունեին մեր համայնքի հետ, տեղն էլ չգիտեին, ես էլ հայտարարեցի քննարկումը չկայացած: Մեր համայնքը դեմ է այդ հայտին: Պաշտոնական արձանագրությունը կկազմենք հինգ օրվա ընթացքում և կուղարկենք Շրջակա միջավայրի նախարարություն», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Նա նշել է՝ գլխավոր մտահոգությունը կապված է ջրային ռեսուրսների հետ:
«Մեր ջրերի ակունքներն այդ տարածքում են, որտեղ ուզում են ուսումնասիրություն անեն: Եթե այսօր թույլ տանք, գան, ուսումնասիրեն, բավարար պաշարներ հայտնաբերեն, հետո կցանկանան շահագործել, այդ ամբողջ ջրերը կվերանան: Մենք էլ ենք ցանկանում նոր աշխատատեղեր ունենալ, բայց պետք է մտածենք այլ աշխատատեղերի ստեղծման մասին, ոչ մեր ջրերի հաշվին», - ասել է Արթուր Ստեփանյանը:
«Ժողովուրդը բարձրացրեց գյուղատնտեսական, բնապահպանական, առողջապահական հարցեր, բայց ընկերության պատասխանները չբավարարեցին նրանց: Շատ խառը վիճակ էր, թեժ, համայնքի ղեկավարը հայտարարեց լսումները չկայացած, և բոլորը դուրս եկան», - ԷկոԼուրին փոխանցեց Վարդահովիտի վարչական ղեկավար Սամվել Գևորգյանը:
Հիշեցնենք, որ «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի հայտի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը՝ նշելով, որ նախատեսվող գործունեությունը հակասում է ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջներին:
Հայտի վերաբերյալ բացասական կարծիք են հայտնել նաև քաղհասարակության ներկայացուցիչները, բնապահպանական կազմակերպությունները՝ նշելով, որ նախատեսվող աշխատանքները ռիսկեր են ներկայացնում Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծման ծրագրի համար և հակասում են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում