Ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը. Փաշինյան
«Ինչպես գիտեք, մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հարկ եմ համարում նշել այս համատեքստում ԱՊՀ դերի կարևորությունը»,- ՀՀ կառավարության հաղորդմամբ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ունեցած ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ կարգավորման գործընթացում կարևոր է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքը, որոնց ձևավորման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում կայացած Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ժամանակ։
«Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում հիմնվելու ենք ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, ըստ որոնց՝ խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները դարձել են արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմաններ։
Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ վերոնշյալը կարևոր գործոն է նաև մեր այսօրվա օրակարգի տեսանկյունից, քանի որ մենք քննարկում ենք նաև ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին դիմումի հարցը։
Որոշում կայացնելուց առաջ կարևոր եմ համարում կողմորոշվել հետևյալ հարցերի շուրջ:
Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թ.-ն հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։
Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյոք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991 թ.-ին հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար։
Առանց այս հարցերի հստակ պարզաբանման՝ ես վաղաժամ եմ համարում ԱՊՀ-ի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը։
Այս հարցերը մեզ համար առանձնահատուկ սրություն են ձեռք բերել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի պատճառով»,- ասել է Փաշինյանը։