ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում պարզել են՝ ցիանոբակտերիաները կարող են համարվել էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողների հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Սևանա լճի ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր։
«Ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները պրոկարիոտ գրամ-բացասական բակտերիաների մեծ բաժին են, որոնք կատարում են ֆոտոսինթեզ՝ արդյունքում արտազատելով մոլեկուլային թթվածին։ Այս միկրոօրգանիզմները, ինչպես և կանաչ միաբջիջ միկրոջրիմուռները, համարվում են լիպիդների ստացման հեռանկարային աղբյուրներից մեկը և ունեն օգտագործման մեծ հնարավորություն կենսաէներգետիկայում։ Ցիանոբակտերիաների վրա հիմնված կենսավառելիքը, ի տարբերություն էներգիայի այլ աղբյուրների, էկոլոգիապես ամենամաքուր և վերականգնվող ռեսուրսներից մեկն է»,- ասել է հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանը:
Նա նշել է, որ Սևանա լճի քաղցրահամ ջրի նմուշների ընդհանուր մանրէաբանական վերլուծության արդյունքում հայտնաբերել են ալգոլոգիապես մաքուր ցիանոբակտերիալ կուլտուրաների գերիշխող տեսակներ՝ Microcystis sp. Pc-001 և Pc-002, Anabaena sp. Pc-004 և Pc-007, Synechococcus sp. Pc-003, Phormidium sp. Pc-005 և Oscillatoria sp. Pc-006: Գազահեղուկային քրոմատոգրաֆիկ մեթոդներով բացահայտվել է սինթեզվող լիպիդների ճարպաթթվային բաղադրությունը:
«Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ցիանոբակտերիաների ուսումնասիրված բոլոր շտամների մոտ գերակշռում է պալմիտինաթթվի և մոնոենային պալմիտօլեաթթվի սինթեզը, ընդ որում, դրանց ավելի բարձր կոնցենտրացիան հայտնաբերվել է Microcystis sp. Pc-001 կուլտուրայի մոտ համապատասխանաբար 16,89% և 22,28%: Բացի դրանից, այդ շտամի մոտ հայտնաբերված է մեծ քանակությամբ հեպտադեցենոաթթու (17,99%), ստեարինաթթու (7,01%) և մոնոենային դոկոզադիենաթթու (6,25%) գործնականում հագեցած և չհագեցած ճարպաթթուների գրեթե հավասար հարաբերակցությամբ (46,55%/46,52%):
Մեր կողմից ցույց է տրվել, որ ուսումնասիրված ցիանոբակտերիաների լիպիդները սովորաբար պարունակում են ճարպաթթուներ, որոնց շղթայի երկարությունը չի գերազանցում 18 ածխածնի ատոմը, բացառությամբ Microcystis sp Pc-001 շտամի, որը սինթեզում է բավական մեծ քանակությամբ դոկոզադիենաթթու C22:2n6 (6,25%)։
Կարելի է եզրակացնել, որ ցիանոբակտերիաները, ինչպես նաև միկրոջրիմուռները կարող են համարվել ճարպաթթուների հարուստ աղբյուր և էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր»,- ասել է Վիգեն Գոգինյանը:
Ցիանոբակտերիաներն ունակ են արտադրել այլ արժեքավոր կենսաբանական ակտիվ միացություններ շատ ավելի արագ և մեծ քանակությամբ։ «Այս միկրոօրգանիզմների վրա հիմնված պատրաստուկները, որպես կանոն, ունեն բազմակողմանի ազդեցություն և արտադրական ցածր ինքնարժեք։ Բնության մեջ ցիանոբակտերիաները միշտ հանդիպում են այլ բակտերիաների հետ համակեցության ձևով, և դա հնարավորություն է տալիս ստեղծելու արհեստական ասոցիացիաներ, որոնք օժտված կլինեն օգտակար և ցանկալի կենսաբանական հատկություններով»,- նշել է Վիգեն Գոգինյանը:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորման շրջանակներում: Հետազոտական աշխատանքներին մասնակցել են կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Բաղիշ Հարությունյանը, կրտսեր գիտաշխատող Լուսինե Սաղաթելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան