«Ժողովուրդ». Ինչպե՞ս են ադրբեջանցի հատուկ ծառայության աշխատակիցները կարողացել ձեռք բերել «Վիվա սելլ»-ի հեռախոսային քարտեր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի մանրամասները պարզաբանելու ակնկալիքով Ժողովուրդ օրաթերթը հարցում էր ուղարկել ընկերություն՝ հետաքրքրվելով, թե ինչու է վաճառքի հանվել Վիվա-ՄՏՍ-ը, որքան արժե ընկերության բաժնետոմսերի փաթեթը, ո՞վ կամ ովքե՞ր են հավանական գնորդները և ե՞րբ կկայանա առքուվաճառքը: Մեր բոլոր հարցադրումների մեջ «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը առևտրային գաղտնիք է տեսել ու չի հանրայնացնում ընկերության վաճառքին կամ արհեստական վաճառքին առնչվող հարցերը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր նաև, թե Ռալֆ Յիրիկյանի հեռացումն ինչ առնչություն ունի վաճառքի գործընթացի հետ:
Ինչպես հայտնի է, 2004 թվականից Վիվա սելլ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նախորդ տարի հուլիսի 15-ին անակնկալ կերպով հեռացավ ընկերությունից: Տնօրեն նշանակվեց Արմեն Ավետիսյանը, որը ընկերության արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահն էր: Սակայն Ռալֆ Յիրիկյանի անակնկալ հեռացումն էլ «ՄՏՍ Հայաստանը» համարել է առևտրային գաղտնիք և չի պատասխանել մեր հարցին:
Ուշագրավ է, որ նույն՝ առևտրային գաղտնիքի պատճառաբանությամբ ՄՏՍ Հայաստան հրաժարվել է պատասխանել նաև կարևորագույն այն հարցին, թե ինչպես են ադրբեջանցի հատուկ ծառայության աշխատակիցները կարողացել ձեռք բերել Վիվա սելլ-ի հեռախոսային քարտեր:
Հիշեցնենք, որ 2020թ.-ի հուլիսի 24-ին՝ պատերազմից ամիսներ առաջ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով (իբր կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում), հատկապես Զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:
«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ՄՏՍ Հայաստան ընկերությունը պատասխանել է՝ առևտրային գաղտնիք է և չեն կարող ասել, թե նշված հեռախոսահամարները ում են վաճառվել կամ ում անունով են գրանցված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում