Հայաստանում բեռնափոխադրումները 12.1%-ով ավելացել են
2022 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 11 մլն 730.0 հազար տոննա, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 12.1%-ով։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին. այս տարվա ութ ամիսներին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13.9%-ով և կազմել 8 մլն 169.5 հազար տոննա։
7.4%-ով ավելացել են նաև երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումները՝ կազմելով 2 մլն 159.8 հազար տոննա։
Ըստ վիճակագրության՝ մայրուղային խողովակաշարային ճանապարհով 2022 թ-ի հունվար-օգոստոսին իրականացվել է 1 մլն 388.9 տոննա (աճը կազմել է 9% ), իսկ օդային ճանապարհով՝ 11.8 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 13.5%)։
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու ամիսներին գրանցվել է 42.7%-ի աճ՝ մինչև 97 մլն 318.3 հազար մարդ։
Առավել տարածված է ավտոմոբիլային տրանսպորտը` 77 մլն 313.8 հազար ուղևոր (2021թ-ի հունվար–օգոստոսի համեմատ 47.7%-ի աճ), այնուհետև գալիս է էլեկտրատրանսպորտը` 17 մլն 442.4 հազար մարդ (23.1%-ի աճ)։ Օդային տրանսպորտից օգտվել է 2 մլն 230.3 հազար մարդ (աճ` 56.7%), երկաթուղուց` 331.8 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19.5%-ով ավելի է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան