Կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum ծրագրի կրթաթոշակառուների համերգը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum տաղանդների կրթական և զարգացնող ծրագրի 2021/2022թթ. եզրափակիչ ակորդը, որի ընթացքում հանդես են եկել 11-18 տարեկան 15 կրթաթոշակառուներ:
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի, Նարեկացու, Օձնեցու, Ռավելի, Բաբաջանյանի, Բաղդասարյանի, Վարդազարյանի, Հարությունյանի, Էլգարի, Վենյավսկու, Կասսադոյի, Չայկովսկու, Ֆորեի, Պուլենկի, Կոլինի, Շումանի, Ռախմանինովի, Լիստի, Խաչատրյանի և Եղիազարյանի ստեղծագործությունները:
«Հավատում ենք, որ աջակցելով հայ պատանի տաղանդներին, կերտում ենք Հայաստանի ապագան, իբրև մշակութապես զարգացած պետության»,- նշել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր- Հովակիմյանը՝ հավելելով, որ Talentum ծրագրի շրջանակներում հիմնադրամի կրաթաթոշակառուների համար աշխարհահռչակ պրոֆեսորներ և երաժիշտներ անցկացրել են ավելի քան 150 վարպետության դաս:
«Սերգեյ Սմբատյանի հետ Հիմնադրամը ստեղծելիս մտածում էինք այն մասին, որ պետք է նոր շունչ տանք հայ կատարողական դպրոցին, որը տասնյակ տարիներ գործել է Հայաստանում և շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Բայց այսօր աշխարհը գնում է առաջ և ունի այլ պահանջներ, և մեր գլխավոր նպատակը բացահայտելն է այն պատանիներին, որոնք ունեն լուրջ ներուժ, կրթել և զարգացնել իրենց, և տալ Հայաստանին և աշխարհին համաշխարհային մակարդակի երաժիշտներ։ Մենք հավատում ենք, որ կհասնենք այդ նպատակին»,- ասել է Աննա Տեր- Հովակիմյանը:
Համերգի ավարտին պատանի երաժիշտներին հանձնվել են «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի Talentum ծրագրի ավարտական վկայականներ: