Արցախը որպես հանրապետություն պետք է նոտա հղի միջազգային կառույցներին․ Լարիսա Ալավերդյան
Panorama.am-ը զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ՝ արցախահայության իրավունքների, հնարավորությունների և ստեղծված իրավիճակում հնարավոր ելքերի մասին։
Panorama.am -Ի՞նչ հնարավորություն ունի այսօր արցախահայությունը՝ միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության առումով։ Արդյո՞ք ունեն դեռ չօգտագործված հնարավորություններ։
Լարսա Ալավերդյան - Այնպես չէ, եթե Արցախի հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ,ապա նա ոչ մի դաշտում չի կարող հանդես գալ՝ որպես միջազգային իրավունքի սուբյետկ, ճիշտ հակառակը։ Ես կարող եմ թվարկել քաղաքական, քաղաքացիական միջազգային մարմինների, տնտեսական , սոցիալական ինստիտուտների, Հաագայի կոնվենցիայում ի վերջո կա նշված դրույթ՝ չճանաչված պետությունների մասով կամ ագրեսիայի բանաձևը, որը տալիս է ՄԱԿ-ը, բացարձակապես կապ չունի պետությունը ճանաչված է,թե՝ ոչ։ Այսինքն՝ կան հատուկ մարմիններ, այդ թվում ագրեսիայի առումով անվտանգության խորհուրդ, որին պետք է դիմի Արցախը։ Դա պետք է լինի դիվանագիտական նոտա՝ գրված բոլոր կանոններով, հստակեցվի ոչ թե Հայաստանի դիրքորոշումը,այլ Ադրբեջանի բոլոր հնչեցված սպառնալիքները, որոնք ուղղակի հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանն ու մնացած փաստաթղթերին։ Այս «նոտաները» ոչ թե պետք է էլեկտրոնային տարբերակով ուղարկել, այլ ձեռքից ձեռք՝ օգտագործելով Սփյուռքի կապերը, ԱԳ նախարարության և նախագահների հնարավորությունը։ Նախևառաջ պետք է տրվեն այն երեք պետություններին, որոնք ՄԱԿ-ի անդամ, միաժամանակ նաև՝ Մինսկի խմբի անդամ պետություններ են և ԵԱՀԿ-ին։ Խնդիրը Հայաստանը չէ, եթե Արցախ հանրապետությունը չի դիմում որպես ինքնուրույն սուբյեկտ, դրանով համակերպվում է, որ սուբյեկտ չէ։ Բոլոր միջազգային կառույցներին պետք է դիմել ոչ թե դիմումով, ոչ թե նամակով, այլ դիվանագիտական նորմերով գրված կամ այդ ինստիտուտների կողմից մշակված կանոնակարգով գրվեն նյութեր։ Հասկանում եք, մենք չենք կարող սպասել։ Ադրբեջանի արարքները բավարար են դիմելու համար։
Panorama.am – Ի՞նչ խնդիր է դա լուծելու։
Լարսա Ալավերդյան- Մեծ խնդիր կարող է լուծել։ Դա այսպես ասած՝ շտապ ձևերից մեկն է, երբ պահանջվում է միջամտություն։ Այդ «նոտայի» մեջ պետք է ձևակերպվեն բոլոր պահանջները կամ ակնկալիքները, որոնց իրավունքն ունի Արցախի հանրապետությունը։ Հասկանում եք, չճանաչվածությունը բոլորի կողմից ընկալվում է ՝ չլինել միջազգային իրավունքի դաշտում,մինչդեռ դա այդպես չէ։
Panorama.am -Ի՞նչն է Արցախին հետ պահում կամ ի՞նչն է խնդիրը, որ մինչև հիմա Արցախն այս քայլին չի դիմել։
Լարսա Ալավերդյան- Համոզված եմ, որ կա մտայնություն՝ քանի դեռ ոչինչ ստորագրված չէ, չարժե դրա մասին խոսել։ Հնարավոր է մտածում են, որ կարող է դա ստվեր գցի Հայաստանին։ Տվյալ դեպքում իշխանությունների մասին չեմ խոսում, նորից եմ ասում՝ կապ չունի ճիշտ կամ սխալ քաղաքականությունը, պետք է սուբյեկտն ինքը հստակեցնի, որ իր դիմաց կանգնած ճանաչված պետությունն իրականացնում է ցեղասպանություն, կետ առ կետ պետք է գրվի այդ մասին։Հայաստանն ինչ անում է՝ դա մի կողմ, իսկ Արցախը որպես հանրապետություն, միջազգային նորմերի վրա հենվելով, պետք է ինքը դիմի և այն պետք է լինի այսօրվա ցեղասպանությունը կանխարգելող գործիք։
Հարակից հրապարակումներ`
- Մի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել… Արցախի Թեմի առաջնորդ
- Դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Բաբայան
- Տղա՞ ես՝ տեր կանգնիր քո ճակատագրին, եթե ոչ՝ տեր կանգնող լինելու է, բայց՝ ոչ հօգուտ մեր ազգի. Լարիսա Ալավերդյան
- «Գորշ գայլերը» Ծիծեռնակաբերդում իրենց ոռնոցով պատիվ են տալիս Հայաստանի այսօրվա իշխանությանը. Լարիսա Ալավերդյան
- Փաշինյանը ոչ եկել է ժողովրդի ձայնով, ոչ էլ պատրաստ է գնալ ժողովրդի ձայնով. Լարիսա Ալավերդյան
- Սահմանադրական դատարանը գտավ, որ իմ կեցվածքը հակասահմանադրական է և ես դատվեցի․ Լարիսա Ալավերդյան