Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա տոմատի ապուր են լցրել
Նիդերլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Արևածաղիկներ» կտավն անվնաս է մնացել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը Լոնդոնի Ազգային պատկերասրահում վանդալները տոմատի ապուր են լցրել դրա վրա: kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին սոցցանցերում հայտնել են պատկերասրահի ներկայացուցիչները։
«Շրջանակի վրա կան աննշան վնասներ, սակայն նկարը չի վնասվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուրբաթ օրը Լոնդոնի Ազգային պատկերասրահում վանդալիզմի ակտ են կատարել Just stop oil («Պարզապես դադարեցրեք նավթը») բնապահպանական շարժման երկու ակտիվիստներ:
Տոմատի ապուրը լցնելուց հետո նրանք իրենց ափերը սոսնձով կպցրել են նկարի կողքի պատին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել աղջիկներին։