Ռուս այցելուները Հայաստանում իրենց հարմարավետ են զգում, «եթե իրենց չպահեն այնպես, ինչպես իրենց տանը». Ռուսական կայքի անդրադարձը
ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո արտերկիր մեկնած ռուսները բացահայտել են օտարերկրացիների իրական վերաբերմունքը ռուսների նկատմամբ։ Այս մասին գրում է 93.RU ինտերնետային պորտալը։
Մոբիլիզացիայի հայտարարությունից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում մեծ թվով ռուսներ լքել են Ռուսաստանը. ԶԼՄ-ների հաշվարկներով՝ մոտ 700 հազար մարդ լքել է ՌԴ-ն։ Նրանք մեկնել են Թուրքիա, Վրաստան, Հայաստան և Ղազախստան։
Նրանցից մեկը խոստովանել է, որ Ղազախստանում բնակարան փնտրելիս հանդիպել է տեղի որոշ բնակիչների անբարյացակամ վերաբերմունքին։ «Բնակարաններ կամ հյուրանոց փնտրելիս ինչ-որ զայրացած խոսակցություններ էին լինում, ինչ-որ հյուրանոցում ասում էին. «Ուրիշ տեղ փնտրեք»: Իսկ բնակարան փնտրելիս մի անգամ ասացին. «Ռուսներին վարձով չեմ տալիս»։ Նման բան»,- դժգոհել է նա։
Միևնույն ժամանակ, ռուսների նկատմամբ վերաբերմունքը Վրաստանում «բացարձակ նորմալ է»։
«Վրացիներն իրենք էլ հաճախ են անցնում ռուսերենի, երբ տեսնում են, որ իրենց դիմաց ռուս է։ Չնայած ես ինքս փորձում եմ շփվել կա՛մ հիմնական վրացերենով, երբ պետք է բարև կամ հրաժեշտ տալ, կա՛մ անգլերեն։ Ես մի փոքր անհանգստանում եմ, որ լիովին չեմ ինտեգրվել այս երկրին, ամեն ինչ նոր է, կա որոշակի անհանգստություն, բայց ընդհանուր առմամբ դա ապահով է և հարմարավետ»,- ասել է նախկին ԽՍՀՄ հանրապետություն մեկնած մեկ այլ ռուս:
Հրապարակման մեկ այլ զրուցակցի խոսքով, ով որոշ ժամանակ առաջ լքել է Ռուսաստանը, ռուսները Հայաստանում իրենց հարմարավետ են զգում, «եթե հարգանքով են վերաբերվում շրջապատին և իրենց այնպես չեն պահում, ինչպես իրենց տանը»։
«Այստեղ չեն սիրում հայհոյել հասարակական վայրերում և երբ չափից ավելի են աղմկում և արհամարհական են պահում իրենց։
Տեղացիների հետ խնդիրներ չկան, ես հազվադեպ եմ շփվում որևէ մեկի հետ հանրակացարանից դուրս, բայց եթե խոսենք հաստատությունների, խանութների մասին, այնտեղ ամեն ինչ կարգին է, մարդիկ խոսում են ռուսերեն, ոչ ոք դժգոյությունից դեմքը չի ծամածռում։ Ես ինձ ապահով և հարմարավետ եմ զգում»,- ասել է նա: