Գրիգոր Գուրզադյան՝ ԽՍՀՄ-ում տիեզերական աստղագիտության հիմնադիրը
Այսօր լրանում է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, ֆմդգ, պրոֆեսոր Գրիգոր Գուրզադյանի 100-ամյակը (1922-2014թթ․)։ Նա Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ)` լինելով ԲԱ հիմնադիր կազմում գլխավոր անձանցից մեկը։
Գրիգոր Գուրզադյանը ծնվել է 1922թ-ի հոկտեմբերի 15-ին Բաղդադում (Իրաք): 1944թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։ 1948թ-ին Վ․ Համբարձումյանի ղեկավարությամբ Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ 1948-1978 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում։
1950-1966թթ. Գ․Գուրզադյանը ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը, իսկ 1967-1973 թթ.՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։ 1973-1978 թթ. նա ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։ Իսկ 1978-1992 թթ. եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչը։
Նա 1979թ-ից եղել է ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։ 1992 - 2004 թ-ին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
Բյուրականի աստղադիտարանից նշում են, որ Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից էր, ԽՍՀՄ-ում տիեզերական աստղագիտության հիմնադիրը։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Հատկապես անհրաժեշտ է առանձնացել Օրիոն 2-ը, որը Տիեզերք է ուղարկվել 1973թ-ին։ Դրա շնորհիվ ստացվել են մինչև 13-րդ աստղային մեծության հազարավոր աստղերի սպեկտրները, մոլորակային միգամածության առաջին արբանյակային գերմանուշակագույն սպեկտրագրությունը՝ բացահայտելով մոլորակային միգամածության մեջ նախկինում չհայտնաբերված ալյումին և տիտան տարրերի սպեկտրային գծերը։
Գ․ Գուրզադյանը կանխատեսել էր մագնիսական դաշտի դերը մոլորակային միգամածություններում, մշակել սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտների, կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։
Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություն՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ գեղարվեստական կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը։
Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։
1962թ-ին Գ․ Գուրզադյանն արժանացել է պրոֆեսորի կոչման։ 1965 թ-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ, 1975թ-ին ստացել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի, իսկ 1986թ-ին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամի կոչում։ 2011թ-ին արժանացել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» և «Պատվո նշան» շքանշանների։
Գ․ Գուրզադյանը հանդիսանում էր Միջազգային աստղագիտական միության անդամ (1950)։
Գրիգոր Գուրզադյանը վախճանվել է 2014թ-ի փետրվարի 22-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին