«Լոռի բերդում» հայտնաբերվել են զարգացած միջնադարի խեցեղեն բեկորներ
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընթացող պեղման աշխատանքների ժամանակ մեծ թվով ջնարակված թասիկների ու պնակների բեկորներ են հայտնաբերվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հնագիտական նյութը թվագրվում է 11-13-րդ դդ.-ով: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի խոսքով, հոյակապ այս խեցեղենը բացվել է ամրոցի պարսպապատին հարող տարածքում, կիսաշրջանաձև խորշի մեջ, որ ամենայն հավանականությամբ տնտեսական նշանակության կառույց է եղել։
«Դրանք երբեմն բացվում էին իրար կողք շարված և ակնհայտ է, որ իրենց նախնական տեղում են։ Հետագայում ծածկելով հողի հաստ շերտով ու փլատակներով` երկար դարեր մնացել են անհայտ։ Զարգացած միջնադարի այս հոյակապ նմուշները ցույց են տալիս Լոռե ամրոցում մշակութային բարձր զարգացվածության աստիճանը, որն իր զուգահեռներն ունի Անիում և Դվինում»,- ասել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը։
Հայտնաբերված խեցեղենը ունի նուրբ գույների գեղեցիկ համադրությամբ արված երկրաչափական ու բուսական սիմետրիկ զարդանախշեր, իսկ մոտ 15 թասեր կրում են թռչունների (կաքավներ) պատկերներ։
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։