Ներտնային օդի աղտոտվածությունը 3.2 միլիոն մարդու մահվան պատճառ 1 տարում
ԵՊԲՀ «Հերացի» վերլուծականի անդրադարձը կլիմայի փոփոխության, օդի աղտոտվածության և դրա առողջապահական նշանակության հարցերի մասին է.
«Oդի աղտոտվածությունն ընդունված է դիտարկել մթնոլորտային և ներտնային օդի մաքրության տեսանկյունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները վկայում են, որ աշխարհում մոտ 2.4 միլիարդ մարդ (աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը) կերակուր պատրաստում են բաց կրակի կամ անարդյունավետ վառարանների միջոցով, որոնք գործարկվում են նավթով, կենսազանգվածով (փայտ, կենդանիների գոմաղբ և մշակաբույսերի թափոններ) և ածուխով, ինչն առաջացնում է ներտնային օդի աղտոտում:
Ներտնային օդի աղտոտվածությունը միայն 2020թ. 3.2 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել, այդ թվում՝ ավելի քան 237.000 մինչև 5 տարեկան երեխաների:
Ներտնային օդի աղտոտվածությունը հանգեցնում է մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության և թոքերի քաղցկեղի:
Վերոնշյալ մահվան դեպքերի 32%-ը սրտի իշեմիկ հիվանդությունից է, 23%-ը՝ ինսուլտից, 21%-ը պայմանավորված է ստորին շնչուղիների վարակներով, 19%-ը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից և 6%-ը թոքերի քաղցկեղից:
Միջազգային տվյալներով` ներտնային օդի աղտոտվածությունը գրեթե կրկնապատկում է մանկական ստորին շնչուղիների վարակների վտանգը և պատասխանատու է 5 տարեկանից ցածր երեխաների թոքաբորբերից մահացության 44%-ի համար:
Հայաստանում ներտնային օդի աղտոտվածության հիմնախնդիրը ևս հանրային առողջության հիմնական մարտահրավերներից է, քանի որ տնային տնտեսություններից շատերում՝ հատկապես գյուղական համայնքներում, դեռևս տարածված է, որպես ջեռուցման հիմնական աղբյուր փայտի և քարածուխի կիրառումը:
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2020թ. Հայաստանում տնային տնտեսությունների 29.9%-ը, որպես ջեռուցման հիմնական աղբյուր օգտագործել է փայտը, 0.1%-ը՝ քարածուխը, իսկ գյուղական վայրերում՝ համապատասխանաբար՝ 58.9%-ը և 0.3%-ը:
Տարածված է նաև ինքնաշեն վառարանների օգտագործումը, որոնք վտանգավոր են ներտնային օդի աղտոտվածության տեսանկյունից: Այսպես, ինքնաշեն վառարան օգտագործվել է տնային տնտեսությունների 28%-ը, իսկ գյուղական վայրերում՝ 58.5%:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ ներտնային օդի մաքրության ապահովումը պահանջում է համալիր միջոցառումներ, ինչպես բնակչության իրազեկվածության բարձրացման, այնպես էլ էկոլոգիապես առավել մաքուր վառելիքի ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման խրախուսման ուղղությամբ և կարող են պահանջել համապատասխան պետական ծրագրերի իրագործում և ներդրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան