Պետք է մեր քաղաքականությունը տանենք, իմանան՝ այս ազգը շատ բարձր մշակույթ ունի ու ապրող ազգ է. Նարինե Գրիգորյան
Ռեժիսոր, դերասանուհի, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Նարինե Գրիգորյանը վերջին մեկ ամսվա ընթացքում երկու փառատոնի է մասնակցել։ Նա այն համոզմանն է, որ պետք է աշխարհին արվեստի միջոցով ներկայացնես քո պատմությունը։
Panorama.am-ը զրուցել է Նարինե Գրիգորյանի հետ փառատոնային կյանքի, ներկայացումների ընտրության, Համազգային թատրոնի առաջիկա ծրագրերի մասին։
Panorama.am - Այս ամսվա ընթացքում արդեն միջազգային փառատոների եք մասնակցել, արժանացել մրցանակի, փորձագետների, հանդիսատեսի բարձր գնահատականներին։ Կպատմե՞ք փառատոների, ձեր ներկայացումների մասին։
Նարինե Գրիգորյան - Բելառուսի Բրեստ քաղաքում անցկացված «Բելայա վեժա» միջազգային փառատոնում Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշ»-ն եմ խաղացել հայերեն լեզվով։ Մրցանակի եմ արժանացել «Լավագույն մոնոներկայացում» անվանակարգում:
Հոկտեմբերի սկզբին Գերմանիայում մասնակցել եմ Հաննովեր քաղաքում կայացած թատերական ոչ մրցութային փառատոնին։ Այդ փառատոնը շատ եմ կարևորել ու նաև ներկայացման ընտրությունը, քանի որ մեր հարևան երկիրը շատ է սուտ քարոզ տանում այլ երկրներում, մտածեցի, որ մեր տեսակետն էլ պետք է անպայման ներկայացնենք։ Այս առումով կարևորեցինք ու այնտեղ հանդես եկա «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումով, որը պատմում է մեր արցախյան պատմությունը։ Շատ մեծ ազդեցություն ունեցավ։
Կարծում եմ՝ շատ անհրաժեշտ էր այս պահին գնալ ու պատմել պատմությունը մեր տեսանկյունից։ Ես պատմում եմ մեր գյուղի՝ Նորագյուղի մասին, որից մեկ ճանապարհ այն կողմ Խոջալուն է։ Ադրբեջանցիները տարածում եմ, որ մենք Խոջալուում ջարդեր ենք իրականացրել, իսկ ես պատմում եմ հենց դիմացի գյուղի պատմությունը։
Ռուսերեն եմ պատմել՝ անպայման հայերեն մեջբերումներով, որպեսզի զգան իմ լեզվի գեղեցկությունն ու մեր մշակույթը, մեր պատմության իրականությունը տեսնեն երեխայի ազնիվ աչքերով։
Հիմնական հանդիսատեսը ռուսներ էին, ուկրաինացիներ, հրեաներ։ Կային նաև գերմանացիներ։ Ճիշտ է՝ լեզուն չգիեին, բայց ասացին, որ ամբողջությամբ հասկացել են թեման։ Բոլորն էին հուզված, քանի որ հիմա դա ոչ միայն պատմությունն է, այլ իրենք այդ ամենն արդեն ռեալ զգում են իրենց մաշվի վրա։ Ավելի ընկալումով էին այդ ամենին մոտենում։ Նշում էին՝ ինչքան առանց պաթոսի էր այդ պատմությունը, ինչքան անմիջական, ինչքան ծիծաղելի ու հուզիչ։
Բեմանկարիչ Վիկտորյա Ռիեդոյի հետ էի գնացել։ Նա ասաց՝ ինձ թվում է՝ հենց սա է դեսպանը, երբ գնում ես ու քո երկրի մասին պատմում ես հենց արվեստով։
Մեր թատերական ներկայացումից ելնելով՝ ասում էին՝ ինչ բարձր մակարդակի վրա է այդ երկիրը։ Մենք փայլուն մշակութային դեսպանություն արեցինք։
Panorama.am - Փաստորեն, այսօր կարիք կա տարբեր ներկայացումներով, նաև արվեստի այլ ճյուղերով, մեր պատմությունը, ճիշտ պատմությունը ներկայացնենք դրսում։
Նարինե Գրիգորյան - Անպայման։ Ես, օրինակ, չեմ կարող քաղաքական դաշտում ոչինչ անել, բայց ես իմ դաշտում իմ քաղաքականությունն եմ անում։ Արդեն այլ փառատոների հրավերներ եմ ստացել։
Նույն «Գոմեշ» ներկայացումը։ Ցուցադրությունից հետո քննարկում էր, տեսնեիք, թե հայ մշակույթի հանդեպ ինչպիսի վերաբերմունք էր, տպավորությունն էր՝ այս ազգը պետք է ապրի, որովհետև նման մշակույթ ունի։
Մենք էլ մեր դիվանագիտությունը պետք է անենք ավելի ակտիվ։
Գիտեք, ինչն է տխուր, որ հիմա ամբողջ աշխարհն է քաղաքականացված, խոսում են միայն քաղաքականությունից։ Հյուրանոցում մարդիկ երբ իմանում էին հայ էինք, հարցնում էին՝ ձեր երկիրը ո՞նց է վերաբերում Ուկրաինայի պատերազին, ինչո՞ւ ձեր երկիրը թույլ տվեց Փելոսիին գալ, ինչո՞ւ ձեր երկիրը ...
Նախկինը չէ աշխարհը, հիմա ավելի քան պետք է մշակույթով մեր քաղաքականությունը տանենք, իմանան, որ այս ազգը շատ բարձր մշակույթ ունի ու ապրող ազգ է։
Panorama.am - Ի՞նչ ծրագրեր ունենք առաջիկայում։
Նարինե Գրիգորյան - Հոկտեմբերի 23-ին մեկնելու եմ Մոսկվա։ Չեխովյան փառատոնի մամուլի ասուլիսն է լինելու, փառատոնի շրջանակում ներկայացնելու եմ փառատոնի հետ համատեղ նախագիծը։ Մոսկվայի Տագանկա թատրոնում բեմադրում եմ Իվան Տուրգենևի «Մումու» ստեղծագործությունը ռուսական թատրոնի դերասանների մասնակցությամբ։ Չեխովյան փառատոնի նախաձեռնությունն է, որ հայ բեմադրիչը Մոսկվայի Տագանկա թատրոնում բեմադրություն անի։ Ասուլիսից բացի, մի քանի օր փորձեր ենք անելու։ Պրեմիերան կլինի Չեխովյան փառատոնի ընթացքում մայիսին։
Panorama.am - Ձեր թատրոնում ինչ նորություններ ունե՞ք։
Նարինե Գրիգորյան - Այս տարի ունեինք 5 պրեմիերա, տարբեր բեմադրիչներ են աշխատել։ Առաջիկայում՝ հոկտեմբերի 24-ին, 25-ին Ռուսաստանից եկած բեմադրիչ Իլյա Մոշչիսկիի «Երեք գույն. Ծիրանագույն» ներկայացումն է։ Երեք գույնը՝ դրոշի գույները նկատի ունենալով։
Panorama.am- Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։