
Շվեյցարացի պատգամավորները նախատեսում են այցելել Ադրբեջանի կողմից գնդակոծության ենթարկված հայկական բնակավայրեր
«Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին ևս չպետք է մոռանա». այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը, որոնք հոկտեմբերի 15-ին Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ շվեյցարացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում:
Շվեյցարացի պատգամավորները Հայաստանում են քառօրյա աշխատանքային այցով:
Պատգամավորները նախատեսում են այցելել նաև ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության ենթարկված բնակավայրեր: