Դատախազը դիմել է ԲԴԽ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ։
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:
Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,- Panorama.am-ը տեղեկացավ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։