Ջամիլա Աֆղանին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։
«Ավրորա» նախաձեռնությունից մանրամասնում են՝ դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում են բարեգործական բնույթ, անցկացվել են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ Մինչև 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպությունն ուներ ավելի քան 100.000 կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում: Եվ սա՝ շնորհիվ բազմաթիվ համայնքներում ստեղծված փոքր կենտրոնների, որոնք ղեկավարում էին հենց կանայք: Կազմակերպությունը նաև իրավաբանական օգնություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10.000 կնոջ, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից: Ստիպված լինելով փախչել Աֆղանստանից՝ Ջամիլան շարունակում է օգնել մյուսներին՝ անկախ հեռավորությունից:
Երբ թալիբները զավթեցին իշխանությունը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարվել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպությունը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց և խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթության անհասանելիության, ընտանեկան բռնության և այլ ժամանակակից խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ այն ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին և փաստաբաններին:
««Ավրորայի» առաքելությունն է ճանաչման և մեծարանքի արժանացնել Ջամիլա Աֆղանիի նման մարդասերների աշխատանքը և այն ներկայացնել աշխարհին: Մերօրյա այս հերոսները ոգեշնչում ու առաջնորդում են մեզ և ցույց տալիս, թե ինչպես դիմակայել ճնշող թվացող մարտահրավերներին»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:
Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:
Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև և հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին:
Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգային և «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպությանը:
Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգան իր անդամների կողմից ղեկավարվող միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանելու համաշխարհային խաղաղություն՝ հանդես գալով հանուն զինաթափման, բռնության վերացման, կանանց իրավունքների և գենդերային հավասարության: Իսկ «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման հասարակական կազմակերպությունը մարդասիրական աջակցություն է տրամադրում Աֆղանստանի կանանց, երիտասարդներին և երեխաներին, նրանց ընձեռում զարգացման հնարավորություն:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում