«Ավրորայի լուսաբացը»՝ կինոփառատոնից կինոփառատոն
Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը ներկայացվել է Asia Pasific Screen Award (APSA) (Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն) «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում, որտեղ մրցելու են 5 անիմացիոն ֆիլմեր:
Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ APSA-ն «Ասիա-խաղաղօվկիանոսյան» կինոակադեմիայի մրցանակաբաշխությունն է, որին տարեկան մասնակցում է ավելի քան 70 երկիր։ Այն համագործակցում է FIAPF-ի հետ (Կինոարտադրողների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա) և նրա հատուկ մրցանակներից մեկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող մշակութային բազմազանության մրցանակն է:
Ազգային կինոկենտրոնից նաև նշում են, որ «Ավրորայի լուսաբացը» ընդգրկված է նաև վավերագրական ֆիլմերի IDFA հեղինակավոր փառատոնի (Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն) Best of Fests («Փառատոների լավագույն ֆիլմեր») բաժնում:
Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: