Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն այս տարի միտված է կոնկրետ քաղաքականության. Կարո Բալյան
Երևանի Շեքսպիրյան միջազգային 16-րդ թատերական փառատոնն այս տարի միտված է կոնկրետ քաղաքականության։ Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի տնօրեն Կարո Բալյանն ասուլիսում ասաց, որ բացի մշակութային հրավառությունից՝ փառատոնային վեց օրերի ընթացքում 19 ներկայացում կցուցադրվի 18 թատերախմբի մասնակցությամբ, կլինի նաև ակցիա-փառատոն։
«Մեր նպատակն է մեր ձայնը հասանելի դարձնել միջազգային հանրությանը կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ։ Դրա համար մենք հանդես ենք գալիս #SaveCulture, #StopAggression թեմայով։ Փառատոն-ակցիան կարևոր խողովակ է միջազգային մշակութային հարթակներում մեր ձայնը լսելի դարձնելու համար»,- նշեց Կ. Բալյանը։
Նրա խոսքով, չեն եղել այնպիսի հյուրեր, ովքեր, կապված այս թեմայի հետ, հրաժարվեն մասնակցել փառատոնին. «Որևէ մեկը չի ասել՝ մենք դեմ ենք ընտրված թեմային, դեմ ենք, որ վերջ դրվեն վայրագություններին ու չենք գալիս։ Մեր գործը մաքուր է, սա մշակութային իրադարձություն է, մշակույթով պետք է ճիշտ խոսել, այդ իսկ պատճատով նման բան չեղավ»։
Նա հայտնեց, որ տոմսերի ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը, մասնավորապես հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիային։
Փառատոնն անցկացվում է «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ասուլիսում «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Գրիգորյանն ասաց, որ մինչև սեպտեմբերի 13-ը՝ թշնամու հարձակումը, լրիվ այլ կերպ էին պատրաստվում փառատոնին։
«Սեպտեմբերի 13-ից հետո երկար մտածում էինք՝ անե՞լ այս տարի փառատոնը, թե՞ ոչ, այս պահին անհրաժեշտությո՞ւն կա, թե՞ չկա։ Քննարկումների արդյունքում հասկացանք, որ պետք է անենք և օգտագործենք փառատոնը որպես հարթակ։ Փառատոնի միջազգային մասն օգտագործել այն առումով, որ մասնակիցներին, թատերախմբերին կարող ենք ներգրավել ու իրենց օգնությամբ բարձրաձայնենք, ավելի լսելի դարձնենք այն խնդիրները, որոնց առաջ հիմա կանգնած է հայ մարդը։
Փառատոնը պետք է ունենա ասելիք, այս տարի այս խոսքն է՝ #SaveCulture, #StopAggression, ինչի կարիքը մենք բոլորս ունենք և այս պարագայում փառատոնը դառնում է հարթակ»,- ասաց Հ. Գրիգորյանը։
Ասուլիսին ներկա Գերմանիայից «PPS Pressoffice» լրատվական գործակալության ղեկավար Դիեթեր Թոփի խոսքով, փառատոնի թեման շատ ճիշտ է ընդունված՝ #StopAggression։
«Ուրախ եմ, որ կարող եմ շեքսպիրյան գաղափարները, միջազգային փառատոնի գաղափարները Երևանից տեղափոխեմ ու ներկայացնեմ Եվրոպայում և դա անում եմ ոչ միայն հաճույքով, նաև շատ կարևոր է այդ գաղափարների ներկայացումը»,- ասաց գերմանացի լրագրողը։
Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Սանկտ-Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։
Ասուլիսին ներկա Սանկտ Պետերբուրգի Ա. Ա. Բրյանցևի անվան Պատանի Հանդիսատեսի թատրոնի տնօրեն, «Ռադուգա» միջազգային թատերական փառատոնի ղեկավար Սվետլանա Լավրեցովան ասաց, որ հենց «Ձմեռային հեքիաթ»-ի մասին Շեքսպիրն ասել է, որ այստեղ ամեն ինչ կգտնեք՝ Օթելո, Լիր արքա, Ռոմեո և Ջուլիետ։
ԱՊՀ-ում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ անցկացվում է Շեքսպիրյան փառատոն։ Կարո Բալյանի խոսքով, Շեքսպիրի ստեղծագործությունները, նրա ասելիքը մշտապես արդիական են, քանի որ դրանցում բարձրացված խնդիրներն են ակտուալ բոլոր ժամանակներում։
Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 17-22-ը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրի՝ նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։
Երևանյան 11 բեմահարթակում վեց օրվա ընթացքում կցուցադրվի ավելի քան 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։
Ներկայացում կցուցադրվի նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնը (Ռուսաստան) կներկայացնի «Լիր արքան»։ Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր «FestOFF» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար։
Փառատոնի բացումը տեղի կունենա այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։
Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք է բերել բացառիկ համաձայնություն․ փառատոնի օրերին վարպետաց դասեր կվարի հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովը (ՌԴ)։ Սա աննախադեպ հնարավորություն է հռչակավոր ռեժիսորի հետ շփվելու համար։
Հիշեցնենք, որ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոնների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: