Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային. խորհուրդներ մասնագետից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ: ԵՊԲՀ «Հերացի» պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Նարինե Ներսեսյանի հավաստմամբ՝ դա անհրաժեշտ է ճիշտ նյութափոխանակության, ոսկրերի, հոդերի առողջության, ամրության, մտավոր ունակության զարգացման համար:
«Ֆիզիկական ակտիվությունն օգնում է երեխայի ուշադրության կենտրոնացմանը, շարժումների, ռեակցիայի արագությանը: Մինչև կորոշեք, թե երեխային մարզական ինչ խմբակում ներգրավել, նախընտրելի է նրա հետ զրուցել՝ պարզելու երեխայի նախասիրությունները: Եթե երեխայի ընտրությունը Ձեզ դուր չի գալիս, մի շտապեք մերժել այն, մեկ-երկու անգամ նրա հետ գնացեք, միգուցե նա հասկանա, որ դա իրեն համապատասխան չէ և հրաժարվի: Եթե արդեն ընտրել եք, ապա պարտադիր ինքներդ ծանոթացեք խմբակը վարող անձի հետ, համոզվեք, որ իր գործի վարպետն է, թույլտվություն ստացեք երեխայի հետ մեկ-երկու անգամ մասնակցել պարապմունքին: Երբ մասնակցեք, ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի մթնոլորտ է պարապմունքի ժամանակ: Խմբակում երեխաների միջև պետք է լարվածություն չզգացվի, նախադպրոցական տարիքի երեխաների համար պարապմունքը պետք է խաղային լինի: Ուշադրություն դարձրեք, թե դասից հետո ինչ վիճակում, ինչպիսի տրամադրությամբ են երեխաները դուրս գալիս սենյակից՝ ընկճվա՞ծ, գերլարվա՞ծ, թե՞ «երջանիկ»: Հարցրեք երեխային՝ արդյոք ուսուցիչը ձայնը բարձրացնում է, գոռում է կամ ֆիզիկական ուժ է գործադրում»,-ընդգծում է մասնագետը:
Նարինե Ներսեսյանի խոսքով, մարզական խմբակ ընտրելիս պետք է հաշվի առնել ճանապարհի հեռավորությունը: Ընտանեկան բժիշկը շեշտում է, որ յուրաքանչյուր տարիքի համար՝ կախված ոսկրամկանային համակարգի և ներքին օրգանների զարգացվածության աստիճանից, նախընտրելի են հաճախումներ տարբեր խմբակներ: Ըստ նրա՝ մինչև 3 տարեկան երեխաների համար նախընտրելի է լողի և պարի պարապմունքները՝ շաբաթական երկու անգամ, 30 րոպե տևողությունից ոչ ավելի: «Լողի առավելությունն այն է, որ երեխան լողավազանում կարող է գտնվել ծնողի հետ միաժամանակ, ավելի վստահ և ապահով զգալ իրեն: Իսկ պարի խմբակները մինչև 3 տարեկան երեխաների համար խաղի ձևով են կազմակերպվում, և այդտեղ պետք է լարվածություն չլինի»,-ասում է ընտանեկան բժիշկը: Նարինե Ներսեսյանը նշում է, որ 3 տարեկանից սկսած երեխան կարող է հասկանալ մարզչի հրահանգները, լսել և դրանք կատարել:
«3-4 տարեկան երեխայի ոսկրամկանային համակարգը վերջնականապես զարգացած չէ, դրա համար ողնաշարը չպետք է ենթարկել կոմպրեսիոն ծանրաբեռնվածության, օրինակ, մարմնամարզություն, գեղարվեստական ցատկ»,-խորհուրդ է տալիս մասնագետը: Նա հավելում է, որ 5 տարեկանից երեխային կարելի է տանել թեթև ատլետիկայի, որը զարգացնում է երեխայի կամքը, ճկունությունը, դիմացկունությունը: «Օրինակ, գեղարվեստական մարմնամարզությունը դրական կողմերի հետ ունի նաև բացասական կողմ. դրականն այն է, որ բարձրացնում է մարմնի ճկունությունը, պլաստիկան, երեխաները ունենում են գեղեցիկ կեցվածք»:
Ներսեսյանը ծնողներին խորհուրդ է տալիս երեխաներին մեծ թենիսի մարզաձևի ուղարկել 4 տարեկանից: Այն, ըստ նրա, ուժեղացնում է շարժումների կորդինացիան, կամքը, հատկապես օգտակար է վատ տեսողություն ունեցող երեխաների համար: «Աչքերի մշտական կենտրոնացումը դեպի գնդակը զարգացնում է աչքի մկանները՝ բարելավելով տեսողությունը»,-ընդգծում է մասնագետը: Ընտանեկան բժիշկը հավելում է, որ երեխաները մարտարվեստով կարող են զբաղվել: Դա զարգացնում է շարժման արագությունը, դիմացկունությունը, ռեակցիան, ապահովում կենտրոնացում:
«Իհարկե, կարելի է նշել նաև այդ մարզաձևով զբաղվելու հնարավոր վատ կողմերը ևս: Օրինակ, բռնցքամարտով զբաղվելիս շատ դեպքերում լինում են հետվնասվածքային մնացորդային երևույթներ, օրինակ՝ էպիլեպսիայի կամ պարկինսոնիզմի ձևով»,-նշում է մասնագետը և ընդգծում է խմբային խաղերի՝ ֆուտբոլի հաճախելու առավելությունը:
Այն օգտակար է հատկապես շարժուն, ակտիվ երեխաների համար, ինչպես նաև ինքնամփոփ, ամաչկոտ երեխաների համար: «Միևնույն խմբում երեխաների միևնույն նպատակ, ցանկություն ունենալը կարող են օգնել երեխային ինքնամփոփությունը, ամաչկոտությունը հաղթահարելու համար»,-շեշտում է նա:
Ընտանեկան բժշկի խոսքով՝ եթե առողջական տվյալ շեղումով պայմանավորված, սպորտով զբաղվելը կարող է հանգեցնել երեխայի առողջության վատթարացման, ապա բժիշկը որոշում է կայացնում թույլ չտալ երեխային մասնակցել տվյալ սպորտային խմբակին և խորհուրդ է տալիս մասնակցել ավելի թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեցող խմբակներին, որոնք երեխայի առողջությանը վնաս չեն պատճառի: