Սարսափելի է տեսնել, թե ինչ են ադրբեջանցիներն արել այստեղ. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ջերմուկ
«Մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչ են ադրբեջանցիներն արել Ջերմուկում: Նրանք օգտագործել են այս խաղաղ վայրը՝ ժողովրդի մեջ ահաբեկչություն տարածելու համար: Ինձ համար սարսափելի է այս ամենը տեսնելը»,- ասել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական խմբի համանախագահ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը:
ԱԺ-ի փոխանցմամբ՝ քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից:
Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի եւ հեռավորության զենքեր, վնասել են առողջարանային քաղաքի ենթակառուցվածքները: Վնասվել են Ջերմուկի առողջարանը, հյուրատներ, ճանապարհներ: Հարվածներ են հասցվել նաև Կեչուտի գերեզմանատանը՝ այդ ձևով փորձելով նաև հոգեբանական ազդեցություն գործել տեղի բնակչության վրա: Հակառակորդը կիրառել է նաև կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով:
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերն այցի ընթացքում նշել է. «Ժնևում ընդունել ենք բանաձև, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով. սա կարեւոր է: Սա վերաբերում է ոչ միայն Շվեյցարիային, այլև՝ ամբողջ Եվրոպային, քանի որ մենք ունենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և միջազգային իրավունք»:
Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը կարևորել է այն հանգամանքը, որ իրենք Ջերմուկում են դեպքերից շատ կարճ ժամանակ անց: Նրա խոսքով՝ իրենք կանգնած են ոչ միայն խորհրդարանական գործընկերների, այլ նաեւ՝ հայ ժողովրդի կողքին:
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի խոսքով՝ առանձնապես տուժել են քաղաքային լանդշաֆտն ու անտառածածկը: Նա հավելել է, որ, չնայած իրավիճակին, կարողանում են իրականացնել վերականգնողական աշխատանքներ:
Շվեյցարացի պատգամավորները կարևորել են տեղի ունեցածը սեփական աչքերով տեսնելն ու այդ ամենի մասին գործընկերներին փոխանցելը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան