Պարզ չէ՝ ինչո՞ւ եք գնում, պպզում էստակադայի վրա և լուսանկարվում, պարո՛ն Ավինյան. Իզաբելլա Աբգարյան
«Քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը և քաղաքացիների հետ շփումն ունի մեկ հստակ ուղղվածություն, այն է՝ Ձեր քարոզարշավը կազմակերպելը, պարոն Ավինյան»,-Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին դիմեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Անդրադառնալով քաղաքապետարանի կայքում հրապարակված լուրին՝ ավագանու անդամն ասաց. «Ինձ համար պարզ չէ, թե ինչո՞ւ եք դուք գնում, պպզում էստակադայի վրա և լուսանկարվում, որովհետև դուք որևէ կապ չեք ունեցել ոչ այդ նախագծի հետ, ոչ՝ մյուսների: Սա նոր օբյեկտի բացում էլ չէր, լավ է՝ ժապավեն չէիք կտրել: Այս տարակուսանքը միայն իմը չէ»:
Նա հիշեցրեց, որ ուսումնասիրում է հանրային կարծիքներ և իր այդ փորձով նաև 2018-ին կիսվել է Տիգրան Ավինյանի հետ:
«Ուստի մի արեք նման բաներ, թե չէ՝ մեր բակում էլ արդեն մի քանի ամիս է աղբարկղ են դրել, բայց պոլիէթիլենային թաղանթը չեն հանում՝ էն տան պուլտերի պես, կարող եք գալ դա էլ հանել, նկարվել»,-հայտարարեց Իզաբելլա Աբգարյանը:
Ավագանու անդամը քաղաքապետարանի լրատվության բաժնին հորդորեց երևանցիներին հետաքրքրող լուր հրապարակել, այլ ոչ թե պաշտոնյաների ֆոտոսեսիաները, քանի որ այդ երևույթը տգեղ է:
Աբգարյանը նաև հիշեց, որ երբ ավագանու նիստում սաբոտաժ էր տեղի ունեցել, փորձել էին տապալել չինական ավտոբուսների գնումը և միայն մի ձայնով է հնարավոր եղել գնել ավտոբուսները, «Իմ քայլը» խմբակցությունից իրեն հայտնել էին, որ Տիգրան Ավինյանն էր հորդորել կողմ չքվեարկել, որպեսզի ավելի լավ ավտոբուս գնեն:
«Արդեն Հրաչյա Սարգսյանի օրոք հայտարարված նույն մրցույթում կրկին նույն ընկերությունն է շահել, նույն ավտոբուսներն են գալու: Արդյո՞ք դուք կրկին հորդորելու եք չվճարել այդ ավտոբուսների համար»,-Ավինյանին հարց ուղղեց Իզաբելլա Աբգարյանը, որը մնաց անպատասխան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին