Երևանի «Նոան» համաձայնագիր է ստորագրել իսպանական «Վիլլառեալի» հետ
«Նոան» ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է․
«Հավատարիմ սեփական մանկապատանեկան ակադեմիա զարգացնելու իր ծրագրին՝ Երևանի «Նոա»-ն բացառիկ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել իսպանական «Վիլլառեալ»-ի հետ։ Համաձայնագիրը հոկտեմբերի 18-ին Հունգարիայում ստորագրել են «Նոա»-ի և «Վիլլառեալ»-ի ներկայացուցիչները, արարողությանը ներկա է գտնվել «Վիլլառեալ»-ի ինստիտուցիոնալ կապերի տնօրեն, լեգենդար Մարկոս Սեննան։
Իսպանական ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոա»-ի ակադեմիայի նոր փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում: Արդեն առաջիկա օրերին Հայաստան կժամանի մարզիչների խումբը, որը ինտենսիվ աշխատանք կտանի մեր ակադեմիայի տարբեր տարիքային խմբերի հետ։
«Վիլլառեալ»-ի հետ բացառիկ համագործակցության շրջանակներում հնարավորություն կընձեռվի օգտվել եվրոպական լավագույն ակադեմիաներից մեկի կրթական պլատֆորմից, մասնակցել միջազգային մրցաշարերի, մարզիչներին մեկնել Իսպանիա՝ որակավորման դասընթացների, իսկ մեր ակադեմիայի լավագույն սաներին՝ իրենց որակներն ու հմտությունները ներկայացնել իսպանական ակումբի սկաուտներին»։