Պապոյան. Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական վարույթը որևէ կապ չունի «օրենքով գող Սուրոյի» գործի հետ
«Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնված է` օդում կախված լուրերի, բամբասանքների հիման վրա»,-մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Պապոյանը, որը ստանձնել է Ալեքսանյանի իրավունքների պաշտպանությունը։
Հիշեցնենք, որ այս պահին դատարանը քննում է ԱԱԾ միջնորդությունը Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատավորը Արշակ Մաթևոսյանն է։
Պապոյանն ասաց, Ալեքսանյանին մեղադրում են իր պաշտպանյալներից մեկին կալանքից ազատելու միջնորդություն ներկայացնելու համար։
«Էրիկ Ալեքսանյանը, հանդիսանալով փաստաբան, քրեական գործով պաշտպան, բնականաբար օգտվել է իր դատավարական իրավունքից՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը վերացնելու ու այլընտրանքային խափանման այլ միջոց կիրառումը թույլատրելու հարցի վերաբերյալ։ Հիմա ասում են, որ այդ միջնորդությամբ Ալեքսանյանն աջակցել է դատավորին, որ վերջինն իր լիազորությունները չարաշահի»,-ասաց Պապոյանը։
Նա նշեց՝ քրեական վարույթի շրջանակում ստացել են կալանքի միջնորդությունը։
«Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ նյութերում բառ, խոսք անգամ չկա այն մասին, որ Էրիկ Ալեքսանյանը դիտավորություն է ունեցել, որպեսզի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չարաշահի իր լիազորությունները»,-ասաց փաստաբանն ու, վկայակոչելով նախաքննական գաղտնիքը, ընդգծեց՝ այսքանից ավելի որևէ բան ասել չի կարող։
Նրա գնահատականով, այստեղ իրավական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, սա իրավաբանության դաշտից դուրս մեղադրանք է առաջադրված:
«Կրկնում եմ, որ քրեական վարույթը կապ չունի որևէ «օրենքով գող Սուրոյի» գործի հետ, մեղադրանքներն էլ որևէ առնչություն չունեն «օրենքով գող Սուրոյի» գործի հետ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մերժել էր 15 տարեկան տղային վթարի ենթարկած վարորդին կալանավորելու ՔԿ-ի միջնորդությունը»
- Էրիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի իրավական ընթացքը կգտնվի Փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում
- Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, այս ամենն իշխանության պատասխանն է նրան. Փաստաբան
- Էրիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
- Դատախազը դիմել է ԲԴԽ՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով