Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումն ապաքրեականացման հիմքով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Ինչպես նշեց պաշտպան Արամ Օրբելյանը, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որի շրջանակում Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 01․08․2003 թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով, որն այս տարվա հուլիսի 1-ից այլևս ուժը կորցրել է։ Այսպիսով, Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած հոդվածներն իրավական ուժ չունեն և դադարել են գոյություն ունենալ, իսկ մեղադրանքի բացակայության պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման։ Արարքը ապաքրեականացնող և անձի վիճակը բարելավող օրենքն ունի հետադարձ ուժ և կիրառվում է նախկին հարաբերությունների վրա։
«Երբ քրեական օրենքը ճանաչվում է ուժը կորցրած, նշված դեպքի նկատմամբ ոչ թե պետք է կիրառել քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը, այլ 9-րդ հոդվածը, համաձայն որի, ուժը կորցնելու հանգամանքին տրվում է հետադարձ ուժ և նախատեսվում է, որ օրենքը ուժը կորցրել է սկզբից։ Առկա պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման», - ընդգծեց Օրբելյանը։
Մեղադրող կողմի կարծիքով՝ նոր օրենքը կիրառելու հիմքեր չկան, որովհետև հանցանքի ապաքրեականացում տեղի չի ունեցել, և առաջադրված մեղադրանքը շարունակում է ուժի մեջ մնալ։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ սույն գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելիս։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։
Այսօրվա նիստի ընթացքում պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանը խնդրեց, որ Գևորգյանին թույլատրեն բացակայել նոյեմբերի 6-10-ը․ այդ ընթացքում Գևորգյանն իր պատգամավորական գործունեության հետ կապված կրկին պետք է գտնվի Ստրասբուրգում։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացավ Լուսինե Սահակյանի միջնորդություններին, իսկ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատեց, որ Արմեն Գևորգյանի հաճախակի գործուղումները խաթարում են դատարանի աշխատանքը․ նիստերն անընդհատ հետաձգվում են։
Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունները։
Հարակից հրապարակումներ`
- «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 18-ը
- «Սիլվայի գործով» լսումները հետաձգվեցին մինչև հոկտեմբերի 4-ը
- «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը
- «Սիլվայի գործով» քննությունն անցնում է դռփակ ռեժիմով