Ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 46-ամյա տղամարդու կողմից իր կնոջը սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ փոխանցմամբ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է կինը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս և ապօրինաբար վերջինիս զրկել կյանքից:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Նուբարաշենում կնոջը սպանած տղամարդը ձերբակալվելուց առաջ նռնակ է պայթեցրել. մանրամասներ երեկվա դեպքից