Էդգար Ղազարյան. Վստահ եմ` սա իշխանության պատվեր է
«Բժիշկներն ասում են՝ նորմալ է։ Կար են դրել գլխիս, սալջարդեր ու հարվածների տեղեր կան մարմնիս տարբեր հատվածներում»,-իր վիճակն այսպես ներկայացրեց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, որն այսօր ծեծի է ենթարկվել։
Նա մանրամասներ պատմեց դեպքից։
«Առավոտյան վարսավիրանոց էի գնացել, վերադառնում էի տուն։ Երկու հոգի ինձ այնտեղ սպասում էին։ Հետևել են իմ շարժին, գործողություններին։ Վերադառնալուց նկատեցի իրենց, որպես շենքի բնակիչ կամ քաղաքացի նույնիսկ բարևեցի, անցա։ Հարձակվեցին հայհոյանքներով, սկսեցին տարբեր տեղերից հարվածել, չհասցրեցի դիմադրություն ցույց տալ, գցեցին գետնին ու գլխիս հարվածեցին։ Իրենց մտադրությունը, կարծում եմ, ինձ սպանելն էր։ Հետո հեռացան»,-ասաց նա։
Ղազարյանին այդ վիճակում տեսել ու օգնություն է առաջարկել մի քաղաքացի, որն իր մեքենայով տեղափոխել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղից էլ «Էրեբունի» հիվանդանոց։
«Իրենք ոչինչ չասացին։ Ես որևէ մեկի հետ անձնական, կենցաղային բնույթի վեճ չեմ ունեցել։ Ակնհայտ է, որ սա պայմանավորված է բացառապես իմ քաղաքական գործունեությամբ։ Վերջին շրջանում ես ստացել եմ սպառնալիքներ ֆեյք օգտատերերից, բայց ուշադրություն չեմ դարձրել։ Վստահ եմ սա իշխանության պատվեր է՝ ինձ ֆիզիկապես ոչնչացնելու »,-նշեց նա։
Ղազարյանն ասաց՝ չի հասցրել ֆիքսել իր վրա հարձակվածների դեմքերը, կարծում է՝ երիտասարդ են, մինչև 30 տարեկան։
«Մեկը մորուքով էր, բայց չեմ կարծում, Նիկոլ Փաշինյանը լիներ։ Կարծում եմ՝ պատվիրել է, անձամբ ինքը դժվար դա աներ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյանի ծեծի վերաբերյալ ահազանգը փոխանցվել է ՔԿ
- Էդգար Ղազարյանը հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից
- Զոհրաբյան. Էդգար Ղազարյանի կյանքին սպառնացող վնասվածքներ չկան