Արարատ Միրզոյանը պատրաստ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամ է հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասել է ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի հետ:
«Մենք շահագրգռված ենք երկխոսության հաջող ավարտով: Որևէ հանդիպում, որը կօգնի հասնել այդ հաջող ավարտին, իհարկե, կարող է տեղի ունենալ: Ես երբեք դեմ չեմ եղել այդպիսի հանդիպմանը»,-ասել է Միրզոյանը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ, սակայն, այդ հանդիպումների ընթացքում կողմերը պետք է անկեղծորեն և լուրջ քայլեր ձեռնարկեն երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման ուղղությամբ:
«Ես կրկնում եմ՝ պատրաստ եմ այդպիսի հանդիպման, հուսով եմ՝ այդպիսի հանդիպումն ի վերջո շոշափելի արդյունքներ կգրանցի, եթե տեղի ունենա»,-եզրափակել է Միրզոյանը:
Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի հարցին՝ Միրզոյանը նաև ասել է՝ Հայաստանը, տարբեր ֆորմատներով ակտիվ դիվանագիտական շփումներին զուգահեռ, Ադրբեջանի կողմից շարունակաբար տեսնում է ոչ կառուցողական, առավելապաշտական պահվածք, ուժի գործադրման սպառնալիքով բանակցությունների վրա ազդելու ցանկություն և փորձ:
Նշենք, որ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Դրան նախորդել էին Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը։