Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել և Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայ մարզուհին օդամղիչ ատրճանակ, 10 մ. 60 կրակոց վարժությունում, խոցելով 582 միավոր, 109 մասնակիցների պայքարում 7-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում արդեն նա բարելավել է դիրքերն ու հավաքելով 200.9 միավոր՝ ելույթն ավարտել 5-րդ հորիզոնականում:
Կարապետյանը Հայաստանի հավաքականի առաջին մարզիկն է, որն արդեն Փարիզ-2024-ի ուղեգիր է ապահովել: Հայ մարզուհին հանդես է եկել նաև Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում:
Հրաձգության Հայաստանի հավաքականը 3 մարզիկով է մասնակցում գնդակային հրաձգության աշխարհի առաջնությանը։
Ատրճանակ ձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը, խոցելով 576 միավոր, գրավել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան ձևում Հայաստանը ներկայացնող Հրաչ Բաբայանը, խոցելով 625.3 միավոր, գրավել է 47-րդ հորիզոնականը:
Գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունն անցկացվում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հոկտեմբերի 15-ից 25-ը: