Պատմական նվաճում հայկական բռնցքամարտում
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը մեդալ կունենա Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող ստուգատեսում մեր առաջին մեդալը ապահովել է 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: ¼ եզրափակիչում հայ մարզուհին մրցել է վրացի Տեկլե Լամինիձեյի հետ ու հաղթել մեծ առավելությամբ:
Բոլոր 3 ռաունդներում Սոնան տակտիկապես շատ գրագետ մենամարտ անցկացրեց: Օգտվելով իր բարձր հասակի առավելությունից մեր մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու ժամանակին տեղ հասցնում իր հարվածները: Արդյունքում բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին Հարությունյանին:
Նա կիսաեզրափակիչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Նշենք, որ Բուդվայում մեր բռնցքամարտիկների կողքին է նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը»,- հայտնում են ֆեդերացիայից։