Փաշինյանի կինը բողոքել է խոշտանգումներից ու նվաստացումներից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր էլ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ կրկին դժգոհելով իր նկատմամբ հասարակության վերաբերմունքից։
Նա մասնավորապես գրել է.
«Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ-ի հետ նույն վայրերում։
Երկու տարի է` Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի և բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում:
Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիները անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն։
Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի և գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Գուցե գոյություն ունի, և գուցե ըստ այդ պրոտոկոլի վարչապետի կինը պետք է սահմանափակվեր բացառապես թիկունքային աշխատանքներով։ Տրամաբանական է։ Պարզապես, թիկունքում այդ ժամանակ տեղ չկար, մեծ խցանում էր առաջացել. 10 միլիոն մարդ թիկունքից աջակցում էր կրակի տակ ընկած 100-200 հազարին։
Դեռ կարելի է հասկանալ մեր գյուղերում ապրող տատիկների տարակուսանքը՝ այ բալա, ճիշտ են ասում, բա կինարմատը զինվորակնների հետ նույն սենյակում կլինի՞: Բայց ես չեմ կարող հասկանալ այն լայն համահայկական կրավորական դիրքորոշումը, որ երկու տարի է հարմար վիջավայր է ընձեռում իմ դեմ այդ պիղծ արշավն անարգել տանելու համար:
Իսկ ո՞ւր մնացին «հայ ընտանիքը սուրբ է, հայ կինը/մայրը՝ սրբություն» հավատամքները։ Սրանք ո՞ւմ և ո՞ր օրերի համար են հռչակված: Հա, կներեք, հիշեցի, սուրբ են որդեկորույս հայ կանայք, որ հերոսներ են ծնել և տվել հայրենիքին: Եվ մեր կյանքում միշտ պետք է նման կանայք ունենանք, հենց այդպես՝ սևազգեստ կենդանի հուշարձաններ, որպեսզի «հայ կինը սրբություն է» ասելով, իմանանք, թե ո՛ւմ նկատի ունենք: Սրբություն են նաև մեր մայրերը, եթե բոլորել են արդեն 70 տարին. ամբողջ կյանքում հալածվելուց հետո, մեռնելուց առաջ մի քանի տարի նրանք գուցե այդքան բախտ ունենան արժանանալու այս բարձր տիտղոսին:
Մնացած բոլոր կանայք՝ հարևանի կինը, բարեկամի կինը, ընկերոջ կինը, մահացած ընկերոջ կինը, պաշտոնյայի կինը, պաշտոնյա կինը, անմարդ կինը, մարդով կինը, կայացած կինը, չկայացած կինը, գեղեցիկ կինը, տգեղ կինը, հաճելի կինը, տհաճ կինը, հարուստ կինը, աղքատ կինը, կրթված կինը, անկիրթ կինը, խոպանչու կինը, չխոպանչու կինը, հղի կինը, չբեր կինը նրանք բոլորը, անխտի՛ր բոլորը ըստ անհրաժեշտության կամ արդեն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականներ են։
Կարևորը՝ միշտ կան հերոսածին հայ մայրերը, որոնք բարձր են պահում հայ կնոջ սուրբ կերպարը՝ կին, որ դարեր շարունակ հերոսներ է ծնել, և դարեր շարունակ հայրենիք կորցրել:
Բայց եթե այս մայրերն էլ, հանկարծ, դուրս գան իրենց վերապահված «նիստուկացի» պրոտոկոլից, հանդգնեն դիրքորոշում արտահայտել, հանրային-հասարակական գործունեությամբ զբաղվել, կամ պարզապես ապրել, այլ ոչ կենդանի հուշարձաններ լինել, ապա նրանք նույնպես զերծ չեն մնա ամենապիղծ վիրավորանքներից: Ընդ որում, իրե՛նք անգամ չեն խնայի իրար։
Այս ամենը չի վերաբերվում սակայն Հայաստանից արտագաղթած, սփյուռքում ապրող հայ կանանց, որոնք այլ մշակույթով են ապրում։ Նրանք իրենց բաժին սրբությունն անում են, եթե տներում երեխաների հետ հայերեն են խոսում և երեխաներին հայերեն գրել կարդալ սովորեցնում՝ այդպիսով հերոսաբար նպաստելով հայապահպանության սուրբ գործին: Չէ՞ որ, երբ հայրենիքը պատերազմի մեջ լինի և իր զավակների կարիքն ունենա, այդ երեխաները իրենց ֆեյսբուքյան գրառումները ոչ թե լատիներեն տառերով կշարադրեն, այլ մեսրոպատառ հայերենով»։