ԱԱԾ-ն պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների վերաբերյալ 92 գործ է հանձնել իրավասուներին
ԱԱԾ-ն հրապարակել է ամփոփագիր 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ։
Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1596 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 334 քրեական վարույթ։
Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 194 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 92-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 72-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 23-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 7-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։
Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 55 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 26-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 694 քրեական վարույթներ, որից դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 358 քրեական վարույթ, 220 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 48 քրեական վարույթ, իսկ թվով 68 քրեական վարույթ փոխանցվել է 2021 թվականից:
Հաշվետու ժամանակաշրջանում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 60 քրեական վարույթ` 88 անձանց նկատմամբ, կարճվել է 108-ը, կասեցվել` 54-ը, 272 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 79 քրեական վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական վարույթների, 121 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:
Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 31.490.134.199 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 29.146.931.040 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 384.639.069 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 1.958.564.090 ՀՀ դրամ:
Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 14.351.883.303 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից` 270.571.217 ՀՀ դրամը: