Մանկավարժական համալսարանը կաջակցի բուհերի միավորման գործընթացին
Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի ընդլայնված նիստը։ Այս մասին տեղեկացնում են ԵՊՄՀ-ից։
«Օրակարգում Վ․ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու հարցն էր։ Նիստին մասնակցում էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Թռչունյանը։ Վերջինս նախ վստահեցրեց՝ համալսարանների միավորման գաղափարի մասին բուհերի ղեկավարները տեղեկացված եղել են, իսկ որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 7-ից։ Փոխնախարարը նշեց, որ բուհերը միավորելու բարեփոխումների նպատակն է ունենալ կոնկրետ ուղղվածություններով բուհեր․ մանկավարժական ուղղվածությամբ նորաստեղծ բուհի հենքը պետք է լինի Մանկավարժական համալսարանը։ Փոխնախարարը լիազոր մարմնի անունից վերահաստատեց՝ մանկավարժությունը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և շատ կարևոր է այդ ոլորտում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ բուհ։
«Անթույլատրելի եմ համարում 100-ամյա բուհի, ուսուցիչներ կրթող հաստատության, հանրակրթության ոլորտները սպասարկող համալսարանի հասցեին հնչող նման որակումներն ու գնահատականները»,-նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ,ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն ու իր մտահոգությունն արտահայտեց միավորման հարցի շուրջ ձևավորված հանրային կարծիքի վերաբերյալ և ավելի առողջ ու կառուցողական դաշտում մասնագիտական քննարկումները շարունակելու համար կոչ արեց հրապարակային վիրավորանքներ հնչեցրած անձնանց հրապարակային ներողություն խնդրել։
Նաև տեղեկացրեց․ «Բուհական փոփոխություններին զուգընթաց՝ նախատեսվում է նաև ֆինանսավորման ձևաչափի փոփոխություն, ընդուպ՝ պետության կողմից ամբողջական ֆինանսավորում։ Մենք պետք է հետևողական լինենք պատկերացնելու՝ ինչ է նշանակում այս փոփոխությունն ամբողջականության մեջ»։
Գիտական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցները փոխնախարարներին ուղղեցին բուհերի միավորմանը վերաբերող մի շարք հարցեր։ Դրանք հիմնականում վերաբերում էին գիտական նույն ուղղությունը սպասարկող ամբիոնների միավորմանը, մանկավարժի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, Մանկավարժականում ոչ մանկավարժական ուղղվածությամբ մասնագիտությունների ապագային, ինչպես նաև նորաստեղծ բուհի անվանմանը և դրանցից բխող մի շարք հարցեր։
Փոխնախարարները վստահեցրին՝ պատրաստակամ են լսելու բոլոր բուհերի առաջարկները, տեսակետները, մտահոգություններ, մոտեցումներն ու հիմնավորումները, քննարկելու տարակարծություններ առաջացնող դրույթները։ Կարեն Թռչունյանը շնորհակալություն հայտնեց, որ ակադեմիական միջավայրում հնարավոր եղավ ունենալ առողջ երկխոսություն՝ սուր հարցերով, կարևոր հարցադրումներով և առաջարկներով․ դրանք գուցե ձևավորեն նոր մոտեցումներ։ Եղան նաև ելույթներ, որոնց ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց մանկավարժական բուհի դերը, ուսուցչի մասնագիտության ռազմավարական նշանակությունը երկրի, ապագա քաղաքացու դաստիարակման գործում։
Գիտական խորհրդում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ բուհը պատրաստակամ է իր ներուժով աջակցել բուհերի միավորման գործընթացին, առաջարկների ու հիմնավորումների միջոցով անմիջական մասնակցություն ունենալ բուհերի միավորման գործընթացին՝ ի շահ մանկավարժական բարձրագույն կրթության զարգացման»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները վերադարձել են բուհ
- «Փաստ». Իշխանությունները սովորել են ամեն ինչ ավիրել ու մարսել, բայց բուհերի միավորման հարցում կառավարությունը թեման արդեն «գցել է ոտքին»
- Այս ամենի ողջամիտ շարունակությունը մեկն է՝ կառավարությունը պետք է դադարեցնի ԲՈւՀ-երի միավորումը.Տիգրան Թորոսյան
- Բուհերի հեռակա ընդունելության քննությունների օրերը և քննական կենտրոնները
- ԿԳՄՍՆ. Ունենք բուհերի խոշորացման ծրագիր
- Կարևոր է լուծել կրթական համակարգի կառավարմանը, որակին վերաբերող հարցեր, ոչ թե բուհը մի քաղաքից տանել այլ քաղաք. Փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին