2023 թվականից Սևանա լճում կգործի նոր ջրային պարեկային ծառայություն
Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ըստ էության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կազմում ունենք ջրային ոստիկանություն, որն իրականացնում է մի շարք ֆունկցիաներ։ Բայց պետք է նշել, որ բացի դասական ոստիկանական ֆունկցիայից, ջրային պարեկային ծառայությունը նաև ենթադրում է անմիջապես Սևանա լճի տարածքի վրա ոստիկանական ֆունկցիայի իրականացում»,-նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանը:
Ջրային պարեկային ծառայություն ստեղծելու նպատակով մշակվել է հայեցակարգ, որով նախատեսված են մի շարք միջոցառումներ ու աշխատանքներ, որոնց արդյունքում Սևանա լճի վրա կունենանք բոլորովին այլ ջրային ոստիկանություն։
Լճի ափամերձ հատվածում կլինի նաև ջրային փոխադրամիջոցների համար նախատեսված պահպանվող հատուկ տարածք, որտեղ կտեղափոխվեն այն մոտորանավակներն ու ջրային փոխադրամիջոցները, որոնք վարողները կկատարեն այնպիսի խախտումներ, որ վտանգավոր են հովեկների կամ զբոսաշրջիկների կյանքի և առողջության համար։
Ըստ գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ձեռք կբերվի ժամանակակից ջրային հատուկ տեխնիկա։ Արդեն կան քննարկվող տարբերակներ։ Վերջնական որոշումից հետո կմեկնարկի ձեռքբերման գործընթացը։
Ջրային պարեկները ծառայություն կիրականացնեն կլոր տարի։ Սևանա լճի ամենապիկ ժամանակաշրջանը, բնականաբար, ամառն է։ Ամռանը ջրի վրա պարեկները կպահպանեն հասարակական կարգը, կհայտնաբերեն իրավախախտների։ Ձմռանը՝ ձկնատեսակների ձվադրման շրջանում, կկանխեն և կբացահայտեն Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեպքեր։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ «Ոչ սեզոնային ժամանակահատվածում ջրային պարեկները պետք է իրականացնեն ծառայություն նաև այլ ոլորտներում, այսինքն՝ իրենց գործառույթներից բխող այլ ծառայություններ ևս իրականացնեն՝ հասարակական կարգի անվտանգության ապահովում, դեպքի վայրի պահպանություն, ահազանգերի օպերատիվ արձագանքում և այլն»։
Միջոցառումները շարունակվում են։ Եվ ըստ մշակված հայեցակարգի ու ժամանակացույցի՝ 2023 թվականի երկրորդ կեսին Սևանա լճում կգործի ջրային պարեկային նոր, ժամանակակից ու պրոֆեսիոնալ ծառայություն»,- հայտնում են Ոստիկանությունից։։