Ձեռագիրը վերականգնելու ընթացքում անտեսանելի թելով կապվում ես գրչի, ծաղկողի հետ. Մատենադարանի ավագ վերականգնող
Բազմադարյան հայկական մշակութային ժառանգությունը ներկայացված է հայաստանյան, աշխարհի տարբեր թանգարաններում, պատկերասրահներում։ Դրանք մշտապես գրավում են այցելուներին իրենց նրբագեղությամբ, հետաքրքիր լուծումներով, տվյալ դարաշրջանին բնորոշ առանձնահատկություններով, հայ մարդու, հայ արվեստագետի մտքի և երևակայության թռիչքով։ Բնականաբար, արվեստի գործերը ժամանակի ընթացքում վերականգնման կարիք են ունենում։
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի վերականգնման բաժինը, որը երկար տարիներ ղեկավարում է Գայանե Էլիազյանը, այսօր, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գնահատմամբ, ինչ-որ տեղ նաև կարևոր տարածաշրջանային կենտրոն է, մեր վերականգնողները օգնության ձեռք են մեկնում Իրանի Էրբիլ քաղաքի ձեռագրական կենտրոնին, մինչ այդ աջակցել են Սիրիայի գործընկերներին, մշտական կապի մեջ են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ։
Panorama.am-ը զրուցել է Մատենադարանի ավագ վերականգնող Արթուր Պետրոսյանի հետ, ով զբաղվում է ձեռագրերի վերականգնմամբ։
Panorama.am-Այսօր Հայաստանը կարիք ունի վերականգնողական դպրոցների, վերականգնողների, քանի որ արվեստի գործերը ժամանակի ընթացքում վերականգնման կարիք են ունենում, և, ինչպես նշում են մասնագետները, անընդհատ նոր վերականգնողական խմբեր, դպրոցներ, մասնագիտացումներ պետք է ունենալ, որպեսզի այն ժառանգությունը, որը տնօրինում ես, պահպանես։ Ի՞նչ աշխատանք է այդ ուղղությամբ տարվում, տեղյա՞կ եք։
Արթուր Պետրոսյան-Ցավոք, կրթական հաստատություններում վերականգնող չեն նախապատրաստում։ Ինքս հենց Մատենադարանում եմ կրթվել, գիտելիքներ, հմտություններ ձեռք բերել ու սկսել աշխատել Մատենադարանում։ Այդ հարցը շատ լուրջ է և բաց է, պետք է փորձել առավելագույնն անել, որ գոնե բարձրագույն հաստատություններում, թեկուզ վերջին 3-րդ, 4-րդ կուրսերում, լինեն հատուկ դասընթացներ, գոնե ընդհանուր գիտելիքներ տան գիտական առումով, ոչ գործնական, որպեսզի ուսանողն որոշակի կողմնորոշում ունենա, բուհն ավարտելուց հետո իր գիտելիքներն արդեն տեխնիկապես հարստացնի թանգարաններում։
Panorama.am-Ունե՞ք տվյալներ, թե Մատենադարանում քանի ձեռագիր վերականգնման կարիք ունի, քանի՞սն է վերականգնված։
Արթուր Պետրոսյան- Հստակ թվեր չեմ կարող ասել։ Մատենադարանի վերականգնման բաժինն ավելի քան 60 տարվա պատմություն ունի։ Այս տարիներին շատ ձեռագրեր են վերականգնվել, հենց 20-րդ դարում վերականգնված ձեռագրերը հաճախ, նյութերի սղության հետևանքով, հիմա նորից վերանայելու, վերստուգելու, հաճախ նաև վերականգնելու կարիք են զգում։
Panorama.am- Վերականգնման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան ինչպե՞ս է ապահովվում, վերականգնման համար անհաժեշտ բոլորը նյութերը Հայաստանում կա՞ն։
Արթուր Պողոսյան- Հիմնական նյութերը ձեռք են բերվում դրսից։ Այսօր շատ փոքր մասն է հնարավոր ձեռք բերել այստեղից, պրոֆեսիանալ նյութերը պատվիրում ենք, ձեռք ենք բերում դրսից։
Panorama.am-Արթուր, դուք վերականգնում եք ձեռագրեր։ Այդ վերականգնման ընթացքում ի՞նչ նոր բացահայտումներ եք անում մեր միջնադարյան ծաղկողների գործերում։
Արթուր Պողոսյան- Բացահայտումները շատ են լինում։ Ամեն ձեռագիր եզակի է իր պատմությունով։ Կան ձեռագրեր, որոնց վրա տարիներով աշխատում ես, կապվում ես այդ ձեռագրերին ու արդեն աշխատանքն ավարտելուց հետո դժվար է լինում բաժանվել։
Աշխատելու ընթացքում փորձում ես հասկանալ մանրանկարչի, գրչի զգացողությունները, հմտությունները, ինչ են զգացել այն գրելու, նկարազարդելու ժամանակ, անտեսանելի թելով մի ձև կապվում ես գրչի, ծաղկողի, վերականգնողի հետ, քանի որ կան շատ ձեռագրեր, որոնք դարերի ընթացքում մեկ, երկու, հաճախ երեք անգամ վերականգնվել են, ձեռագրերում որոշ հիշատակություններ են գրվել, որոնք շատ են օգնում վերականգնողներին՝ հասկանալու, թե որ դարում ինչ նյութ են օգտագործել, ինչ մոտեցում են ցուցաբերել։
Panorama.am-Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Մատենադարանում բացվել է «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որը նպատակ ունի լայն հանրությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերականգնողական արվեստանոցներում մասնագետների կողմից վերականգնած աշխատանքները:
Ցուցադրությանն աջակցել և իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր են տրամադրել հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամ, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ, Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան։
Նմուշների տեսականին նյութի առումով բավականին լայն է՝ բրոնզ, սև և կարմիր խեցեղեն, ճենապակի, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար և այլն: Լայն է նաև ժամանակային և աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման և պեղման աշխարհագրությունը` Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն: