Բրյուսովցիներին վաղը հրավիրել են կառավարություն
Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն այսօր էլ դասերին մասնակցելու փոխարեն փողոց էին դուրս եկել։ Նրանք «Բրյուսովը հաղթելու է», «Բրյուսովը սեր է», «Առանց մեզ ապագա չկա», «Չենք ձուլվելու», «Կամք, պայքար, հաղթանակ» ու այլ վանկարկումներով երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ այդ պահին ընթանում էր գործադիրի հերթական նիստը։
Համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանն արդեն Հանրապետության հրապարակում հայտարարեց՝ կառավարությունից խնդրել են վեց հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել, որպեսզի ներկայացնեն, թե ինչ փուլում է բրյուսովցիների դիմումը։
Երկուշաբթի օրը նրանք հինգ կետերից կազմված դիմում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանին. մասնավորապես պահանջում են կասեցնել երեք բուհերի միավորման մասին որոշումը, ձևավորել ակադեմիական խորհուրդ, որը կմշակի չափորոշիչներ, թե ինչպես պետք է տեղի ունենա հաստատությունների միավորումը։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ բաց են քննարկումների համար, սակայն անցած յոթ օրերի ընթացքում, ըստ ակցիայի մասնակիցների, չեն լսել ողջամիտ հիմնավորում, թե ինչու պետք է Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանը միավորվի Մանկավարժական համալսարանի հետ։
Միավորմանն ընդդիմացող ուսանողներն ու բուհի աշխատակիցները որոշումը որակում են մեկ կամ մի քանի մարդու քմահաճույք, նախասիրություն։
Կառավարությունից դուրս եկած պատվիրակության կազմում ընդգրկված Գրիշա Թամրազյանը ներկաներին տեղեկացրեց՝ իրենց հայտնել են, որ դիմումը մակագրվել է Փաշինյանի տեղակալ, համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ, պատասխանը դեռ պատրաստ չէ։
«Պնդեցինք, որ հիմա պետք է տրվի պատասախան, քանի որ խոսքը չորս հազար ուսանողների մասին է, որոնք հայտարարել են դասադուլ, նրանց կրթական իրավունքն է խախտվում, նրանց լսարան վերադառնալը պայմանավորված է դիմումում բարձրացված հարցերի պատասխաններից»,-ներկայացրեց խոսակցությունը Թամրազյանը։
Ի պատասխան ասել են, որ այսօր Հայաստան են ժամանում տարբեր երկրների պաշտոնյաներ, առաջարկել են հանդիպել վաղը ժամը 13։00-ին։
«Մենք ըմբռնումով մոտեցանք այդ առաջարկին, ընդունեցինք այն, վաղը մեր պատվիրակներին կընդունի Համբարձում Մաթևոսյանը, կտա մեր հարցերի պատասխանները»,-ասաց նա։
Ռեկտորի խորհրդականը եկել է համոզման, որ ԿԳՄՍ նախարարությանը չի հետաքրքրում 4500 ուսանողների կրթությունը, հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ անցած օրերի ընթացքում լսարան վերադառնալու գեթ մի կոչ, հորդոր չի հնչել։
«Նամակը կառավարություն հանձնելուց հետո այս չորս օրերի ընթացքում որևէ բանավոր առաջարկ, որևէ զանգ չենք ստացել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. Դումանյանը հանդիպել է Բրյուսովի ուսանողներին
- «Չենք ձուլվելու» վանկարկելով՝ Բրյուսովի համալսարանի կոլեկտիվը դիմոմ է տարել ԿԳՄՍ նախարարություն
- «Բրյուսովը հաղթելու է». Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
- Ես հասկանում եմ, որ իշխանությունը պահելու համար դա շատ լավ է, բայց մի արեք այդպես․ Բրյուսովի ուսանողը՝ պաշտոնյային
- Ի՞նչ սկզբունքով եք իմ տունը որոշել ոչնչացնել. Բրյուսովի դասախոսը՝ ԿԳՄՍ նախարարին