Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը
Երևանում այսօր և վաղը կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ ԵԱՏՄ հնգյակի (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) կառավարությունների ղեկավարները նախ խորհրդի նեղ կազմով նիստ կանցկացնեն, այնուհետև կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ՝ լայն ձևաչափով։
«Արմենպրես»-ը հայտնում է, որ Երևանում արդեն մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Մինչ նիստի մեկնարկը, տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողությունը, անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ լուսանկարման արարողությունը։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: «Արմենպրես»-ը գրում է, որ կքննարկվի գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի և նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։ Արդյունքում նախատեսվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը նախատեսող որոշումների ստորագրում։