Կրակոցներ հարսանիքի ժամանակ
Ոստիկանության Արտաշատի բաժնում հոկտեմբերի 13-ին, կեսգիշերից քիչ անց ստացվել է ահազանգ, որ Երևան-Երասխ ճանապարհի հարևանությամբ գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը:
Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հարսանեկան արարողության ժամանակ ռեստորանում վեճ է եղել մի խումբ երիտասարդների միջև, որը շարունակվել է ավտոկայանատեղիում: Ըստ տեղեկության` այդտեղ վիճողներին մոտեցել է «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի միջից էլ կրակել են ու հեռացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով:
Ըստ աղբյւրի, հետագա միջոցառումներն Արտաշատի քրեական հետախույզներն իրականացրել են Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի, պետական պահպանության գլխավոր վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների հետ:
Բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ՝ իր հետ բերելով «Մակարով» ատրճանակ` դատարկ փամփշտատուփով. ըստ նրա` ռեստորանի բակում մեքենայի միջից կրակել էր ապօրինի պահվող հենց այդ հրազենով:
Տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: