Սարատովաբնակ նկարիչ Գրիգոր Զալինյանը մեկ՝ ձախ ձեռքով գեղեցկություն է ստեղծում
Տերևաթափ ու արևոտ կածաններ, ծովափեր, կախարդական երկինք: Շատ գույներ և արև: Այս ամենը կարելի է տեսնել սարատովաբնակ նկարիչ Գրիգոր Զալինյանի կտավներում։ Սարատովում բնակվող նկարիչ Գրիգոր Զալինյանն ամռան ընթացքում ստվարաթղթի վրա նկարել է մոտ երկու հարյուր աշխատանք։ Նա այժմ հիմնականում բնապատկերներ է ստեղծում։ Նկարչի մասին պատմում է saratov.mk.ru կայքը։
«Դժվար պահերին հատկապես կարևոր է լույս փնտրել քո մեջ և քեզ շրջապատող աշխարհում։ Աշխարհը երբեք պարզ ու անամպ չի եղել, մեզ անամպ է թվում միայն վաղ մանկության տարիներին՝ ծնողների ու տատիկ-պապիկների հովանու ներքո։ Երբ մենք մեծանում ենք, հեքիաթները վերանում են, դրանք փոխարինվում են իրականությամբ: Եթե աշխարհին նայենք մռայլ ու հոնքերը կիտած, իրականությունը միշտ կլինի սև ու սպիտակ, եթե սովորենք հեռանալ հուսահատությունից, աշխարհն անպայման գույներ ձեռք կբերի։ Այն ամենը, ինչ կարող է անել այսօրվա աշխարհում սովորական մարդը, ազնվորեն կատարել իր գործը և հնարավորինս օգնել այլ մարդկանց»,- ասել է նկարիչը։
Գրիգոր Զալինյանն ապրում է այս օրենքներին հետևելով։ Նա մեծ անձնական դրամա է ապրել. պատանեկության տարիներին դժբախտ պատահարը նրան զրկել է աջ ձեռքից, իսկ նա, ի հեճուկս ճակատագրի, ձախլիկ չլինելով, դարձել է ... նկարիչ։ Օրիգինալ, հետաքրքիր, համարձակ նկարիչ։
Նա կրթություն է ստացել Երևանում, Սարատով է տեղափոխվել 2000-ականների սկզբին։ Տարիների ընթացքում Սարատովում տեղի են ունեցել նկարչի բազմաթիվ ցուցահանդեսներ, այդ թվում՝ անհատական
Նրա տան դռները բաց են մարդկանց առջև, իսկ ստեղծագործական ոճը՝ ճանաչելի ու սիրված։
Հիմա վարպետը մտածում է մեծ ցուցահանդեսի մասին։ Ոչ հոբելյանական (75-ամյակը, ի դեպ, այսօր է)։ Գրիգոր Զալինյանը երազում է մի ցուցահանդեսի մասին, որտեղ կգան իսկապես շատ երջանիկ մարդիկ։ Նա ինքն իրեն ռոմանտիկ է և մարդասիրության ու բարության գաղափարների կրող։ Կարծում է, որ չնայած այսօրվա աշխարհի բոլոր վայրիվերումներին, դեռևս լուսավոր ժամանակներ են սպասվում։ Որովհետև այլ կերպ պարզապես չի կարող լինել։
Չնայած լինելով ամենադաժան ցեղասպանությունը վերապրած ժողովրդի ներկայացուցիչ, հետպատերազմյան զավակ, ով տեսել է և սով, և ցուրտ, մի մարդ, ով վերապրել է անձնական դժբախտություն և բազմաթիվ արհավիրքներ իր հայրենի փոքրիկ Հայաստանում, Գրիգոր Զալինյանը հավատում է ողջախոհությանը, սիրուն և բարությանը հենց աշխարհի սրտում՝ որպես կենդանի և զգացող էակ, և մարդկանց ճնշող մեծամասնության սրտերում: