Ինչպես են ականջակալներն ազդում լսողության վրա. մասնագետի խորհուրդները
Վերջին տարիներին ականջակալները դարձել են մեր կենցաղի անբաժանելի մասը, սակայն քչերը գիտեն դրանց վնասակարության մասին: Մասնագետները պարբերաբար հորդորում են զգոն լինել, քանի որ ականջակալների օգտագործումը բացասական է անդրադառնում լսողական համակարգի վրա, այն կարող է ականջի ծծմբի հետ կապված խնդիրներ առաջացնել:
ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս, «Միքայելյան» հիվանդանոցի համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկայի բժիշկ Տաթևիկ Փխրիկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ նախկինում, երբ ականջակալների կիրառումը այդքան տարածված չէր, ծանրալսությունը հիմնականում հանդիպում էր մեծահասակների մոտ, իսկ այսօր տարիքային շեմը նվազել է։
Ականջակալների չափից շատ օգտագործումը կարո՞ղ է մեծացնել խլանալու հավանականությունը
Տաթևիկ Փխրիկյանի խոսքով՝ ականջակալները լայն կիրառություն ունեն ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների շրջանում։ Բժշկին դիմողները որպես արդարացում ասում են՝ քնելուց առաջ ականջակալներով են երաժշտություն լսում, ֆիլմեր դիտում, աուդիոգրքեր կարդում, որ տան անդամներին չանհանգստացնեն, սակայն քչերն են գիտակցում, որ դրանք ազդում են լսողական ապարատի համակարգի վրա։
Ըստ մասնագետի՝ ականջակալների օգտագործումից հիմնականում կարող է առաջանալ աղմուկ, լսողության իջեցում, դիսկոմֆորտ ականջներում։
Ականջակալներ՝ կրել, թե չկրել
Մասնագիտության բերումով դիջեյները, օպերատորները չեն կարող հրաժարվել ականջակալներից։ Տաթևիկ Փխրիկյանը նրանց խորհուրդ է տալիս օգտագործել մեծ ականջակալներ, որոնք հերմետիկ փակվում են և դրանց շնորհիվ մեկուսացվում է շրջակա միջավայրի աղմուկը։ Բացի այդ, նրանք պետք է վեց ամիսը կամ տարին մեկ անգամ լսողությունը ստուգեն։
Իսկ այն մարդիկ, որոնք մշտապես ականջակալներ են օգտագործում անկախ մասնագիտությունից, ապա, ըստ նրա, նրանք առաջին հերթին հասարակական տրանսպորտում պետք է զերծ մնան դրանց կիրառումից։ «Խոսքը երիտասարդների մասին է, որոնք տրանսպորտում հիմնականում ականջակալներով են։ Հատկապես պետք է ուշադիր լինել դրսում, մասնավորապես, փողոցն անցնելիս, քանի որ հնարավոր է մեքենաների ազդանշանը չլսեն, իսկ հետևանքներն անդառնալի կարող են լինել»,- նշում է Տաթևիկ Փխրիկյանը։
Նրա խոսքով՝ օրվա ընթացքում ականջակալները պետք է օգտագործել ընդամենը 15-20 րոպե։
Ինչ վերաբերում է անլար ականջակալներին, ապա դրանք, ըստ բժշկի, ավելի վտանգավոր են, քան լարով ականջակալները։ Հատկապես երիտասարդները վերջին տարիներին դրանք կրում են նույնիսկ այն ժամանակ, երբ հեռախոսով չեն խոսում, երաժշտություն չեն լսում, իսկ դա օտար մարմին է և կարող է ինֆեկցիաների պատճառ դառնալ։
Տաթևիկ Փխրիկյանը նկատում է, որ երեխաները նույնպես սկսել են ականջակալներ օգտագործել, ինչը լուրջ խնդիր է։
«Ցավոք, երեխաները ականջակալներով են մուլտֆիլմեր նայում, համակարգչային խաղեր խաղում։ Ականջի անցուղու առաջին հատվածում կան գեղձեր, որոնք արտադրում են ծծումբ, իսկ երեխաների մոտ այդ գեղձերն ավելի զգայուն են և ավելի շատ է ծծումբ արտադրվում, ինչը բերում է խցանման։ Ծնողները պետք է ուշադիր լինեն, ականջակալների օգտագործումը սովորություն չպետք է դառնա երեխաների մոտ, քանի որ դրանց հասցրած վնասը հետագայում ավելի մեծ է լինելու։ Ցավոք սրտի, նեյրոսենսոր ծանրալսությունը ոչ բոլոր դեպքերում է բուժվում։ Ուստի պետք է առավել քան ուշադիր լինել»,- նշում է մասնագետը։
Ինչ վերաբերում է բուժմանը, ապա Տաթևիկ Փխրիկյանն ասում է, որ եթե ժամանակին դիմեն բժշկի, ապա հնարավոր է տարբեր դեղորայքային բուժումների միջոցով կանխել ծանրասլությունը, իսկ եթե ուշ են դիմում, ցավոք սրտի, հնարավոր է չկարողանան օգնել։
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս մաքուր պահել ականջակալները, գրպանոմ կամ պայուսակի մեջ չդնել: Դրանք պետք է լինեն հատուկ ամանի մեջ և պարբերաբար պետք է սպիրտով մաքրել։ Եւ ամենակարևորը, չի կարելի ուրիշի ականջակալներն օգտագործել։
Քիթ-կոկորդ-ականջաբանը նաև նկատում է, որ լսողության խանգարումների առաջացման պատճառ կարող են դառնալ անոթային հիվանդությունները, պարանոցի հետ կապված խնդիրները, ճողվածքները, շաքարային դիաբետը, օնկոհիվանդությունները, վահանաձև գեղձի խնդիրների դեպքում ևս ականջներում կարող է աղմուկ առաջանալ։
«Բացի այդ, լինում է պատճառը չհայտնաբերված աղմուկ ականջներում, որի ժամանակ պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ ուշացման դեպքում դա դառնում է խրոնիկ հիվանդություն։ Ես միշտ ասում եմ՝ «ականջը՝ ականջի հետև մի գցեք»։ Ցանկացած խնդրի դեպքում պետք է դիմել ԼՈՌ բժշկի։ Ինչքան շուտ, այնքան ավելի հեշտ կլինի բուժումը»,- ասում է մասնագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան