Գյուղացիները սկսել են քանդել խաղողի այգիները
Մինչ Վահան Քերոբյանը վերցրել է Անահիտ Ավանեսյանի ֆունկցիան ու մարդկանց փորձում է բացատրել թերսնման պատճառներն ու ճիշտ սնվելու կարևորությունը, իր ղեկավարած գերատեսչության համակարգման ներքո գտնվող գյուղատնտեսության ոլորտում ողբալի վիճակ է։
Շատ գյուղատնտեսներ ու գյուղացիներ որոշել են քանդել խաղողի այգիները, ու քանի որ քանդելը ևս ծախսատար է, փող չունեցողներին այլ բան չի մնացել, քան այգին թողնել եղանակի քմահաճույքին ու չթաղել։
Այս տարի տեխնիկական խաղողը մթերվել է ինքնարժեքից ցածր գնով. ինքնարժեքը բավականին բարձր է, քանի որ թանկացել են պարարտանյութը, դեղերը, աշխատուժը, վառելիքը։ Պատկերը նույնն է թե Արմավիրի, թե Արարատի մարզերում։
«Մեր խաղողը տեխնիկական սորտ է, այսինքն նախատեսված է օղի կամ կոնյակ պատրաստելու համար։ Մթերող ընկերությունները գարնանը պայմանագիր են կնքում մեզ հետ, բայց պայմանագրում չի նշվում մթերման գինը։ Ծավալն էլ տարվա ընթացքում պակասեցնում են։ Օրինակ, ինձ հետ կնքել են 17 տոննայի պայմանագիր, բայց մեր այգու բերքը եղել է 32 տոննա։ Մի կերպ ենք իրացրել, բայց ինչ ապրումներով ու ինչ գնով։ Այսքանով հանդերձ, մեկ կգ խաղողը մթերել են 120 դրամով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Արմավիրի այգետերերից մեկը։
Այս ընտանիքն էլ արդեն սկսել է խաղողի այգու քանդումը։
Օրեր առաջ այգետերերից մեկը «Բերքառատ Հայաստան» խմբում բարձրաձայնել էր խնդրի մասին, պարզվեց՝ խաղող աճեցնողները մի տնով չեն, մի հալով են։ Բոլորի մտքում էլ այգին քանդելն է։
«Խմբակիցների ջան, որի՞դ ձեռքը կգնար էս այգին քանդեր ...Ես քանդելու եմ»,-գրել էր Ռազմիկ Տոնոյանը։
Խմբի անդամներն արձագանքել էին.
«Մի քանի տարի առաջ մենք էլ 2 հա քանդեցինք։ Տխուր էր,բայց անարդյունք գործ է խաղող մշակելը»։
«Իսկ մեր ծնողներն ասում էին «բաղը կապիտալա», իսկ հիմա դարձելա բեռ։ Ուղղակի էս տարվա բերքի փողը չի հերիքի քանդելու ծախսերը»։
«Աներս էլ ա Արմավիրից ու ինքն էլ ա որոշել քանդել։ Ցավալի ա, բայց սաղ տարին տանջվելն ու վերջում վնասով դուրս գալն ավելի ցավալի ա»։
«Մինչև հիմա հայրս այգին պահել է զուտ ափսոսալով, այնքան որ իր ծախսած գումարը դուրս գա և այգին չքանդի։ Բայց հիմա էլ ուժը չի պատում, նյարդերն էլ հետը։ Ամսով բանվոր է փնտրում օրական 8000 դրամով, որ գան հավաքեն։ Էս անգամ էնքան ուշացրեցին, անձրև եկավ 2 օր ու ամբողջ խաղողը փչացավ։ Հավանաբար 50 դրամից ավել չեն վճարի դրա համար»։
Նույն տխուր ճակատագիրն է սպասվում նաև այս այգուն.
Panorama.am-ի հետ զրույցում Ռազմիկ Տոնոյանը պատմեց, մեկ հա մակերեսով այգին գտնվում է Արմավիրի մարզի Հացիկ գյուղում։ Մեկ կգ խաղողի ինքնարժեքը կազմել է 132 դրամ, մթերվել է 120 դրամով։
«Ոչ ձեռնտու գործ է։ Մեծ ծավալով, շատ ծանր աշխատանք է պահանջում խաղողի մշակությունը, մեկ հա այգին մշակելու համար ծախսվում է 1 մլն 650 հազ դրամ»,-ասում է նա։
Խաղողի այգետերերն այս խնդրին վաղուց են բախվում, բայց համավարակով, պատերազմով պայմանավորված՝ խնդիրը սրվեց, սպառումը նվազեց, արտահանումը դժվարացավ, մթերող ընկերությունների տակառները լի մնացին։
Տոնոյանն ասում է՝ ըմբռնումով է մոտենում մթերողների առաջարկած գնին, ծավալին, նրանք էլ են բիզնես անում։
Գյուղատնտեսները կարծում են, որ այստեղ պետությունն անելիք ունի, հակառակ դեպքում հարևան երկրները շուտով ռուսական շուկայից դուրս կմղեն ռուսների կողմից պահանջված ու սիրված հայկական կոնյակն ու գինին, ինչն էլ ավելի կբարդացնի այգետերերի, մթերողների վիճակը։
«Այստեղ պետական քաղաքականություն է պետք, արտոնություններ տնտեսվարողներին։ Ինձ ասում են, դու պետք է տեսնես, թե Ադրբեջանն ինչ ուղիներով է Ռուսաստան խմիչք արտահանում, Վրաստանն ինչպես է օգնում իր գինեգործներին։ Բացի այդ, պետք է լինի խիստ վերահսկողություն խմիչքի որակի նկատմամբ»,-ասում է այգու տերը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Պիպոյանը՝ Քերոբյանին. Դե ուրեմն գիտելիքն ինձանից, ֆինանսները՝ ձեզանից
- Գյուղոլորտում արձանագրվող անկման ֆոնին կառավարությունը կրճատում է գյուղատնտեսական ծրագրի աջակցությունը
- Արտադրողների և մթերողների միջև արդեն կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր
- Աշոտ Հարությունյան. Գյուղացին թմրած է, շուտով դեղի ազդեցությունը թողնելու է
- Խաղողի, պտղատու այգիների պարարտացման համար սուբսիդիա չկա
- Աշոտ Հարությունյան. Հիմա թող իշխանությունն ասի՝ հիմնահատակ կործանե՞լ են գյուղատնտեսության ոլորտը, թե՞...
- Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան