Ռոնալդուն անզուսպ պահվածքի համար տուգանվել է
Պորտուգալացի ֆուտբոլիստ Ռոնալդուի անզուսպ պահվածքը նրա վրա նստել է գրեթե մեկ միլիոն։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» տուգանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Տոտենհեմի» դեմ խաղում ոչ պատշաճ պահվածքի համար։ Նա տուգանվել է 887 հազար եվրոյի չափով։
Անգլիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ խաղում պորտուգալացին կամայականորեն լքել է պահեստայինների նստարանը։ Նշվում է, որ պորտուգալացին հրաժարվել է փոխարինման դուրս գալ, որից հետո գնացել է հանդերձարան։
Այնուհետև Ռոնալդուն չի սպասել իր թիմակիցներին, որպեսզի միասին տոնեն հաղթանակը լոնդոնյան թիմի նկատմամբ և հեռացել է մարզադաշտից։ Ինքը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, արդեն ներողություն է խնդրել, սակայն նա հեռացվել է «Չելսիի» դեմ հանդիպման համար մարզվելուց։
Championship.com-ը գրել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն երկու շաբաթ չի ստանա պայմանագրով նախատեսված 887 հազար եվրոն։ Սակայն եթե միջադեպը տեղի ունենար նախորդ մրցաշրջանում, ապա տուգանքի չափն ավելի մեծ կլիներ՝ 1,1 մլն եվրո։ Այն բանից հետո, երբ ակումբը չի կարողացել Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, որոշ խաղացողների աշխատավարձը կրճատվել է 25%-ով։
Պորտուգալացու՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը լքելու հավանականությունը նկատելիորեն աճել է։