Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին՝ երևանյան բեմում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ քսան տարի է, Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի: Փառատոնի աշնանային համերգաշրջանն այս անգամ կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտներ Շառլ Դյութուային և Նիկոլայ Լուգանսկուն, որոնց համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համերգի ժամանակ կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի, դաշնամուր) և Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան (դիրիժոր՝ Շառլ Դյութուա):
Վիրտուոզ դաշնակահար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նիկոլայ Լուգանսկին բացառիկ տաղանդի արվեստագետ է, որին «Gramophone» ամսագիրը բնորոշել է որպես «փայլուն նորարար երաժիշտ»:
Նա հանդես է գալիս այնպիսի հեղինակավոր փառատոներում, ինչպիսիք են Aspen, Tanglewood, Ravinia, Verbier և այլն: Համագործակցում է Վադիմ Ռեպինի, Ալեքսանդր Կնյազևի, Միշա Մայսկու և Լեոնիդաս Կավակոսի հետ:
Դիրիժոր Շառլ Դյութուան ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն, Japan Record Academy Award: 2014 թ. նրան շնորհվել է Միջազգային դասական երաժշտության մրցանակաբաշխության Lifetime Achievement Award հեղինակավոր մրցանակը: 2017-ին Դյութուան արժանացել է դասական երաժշտության բարձրագույն մրցանակների, որոնցից է հեղինակավոր Royal Philharmonic Society-ի ոսկե մեդալը:
25 տարի անընդմեջ Շառլ Դյութուան եղել է Montreal Symphony Orchestra-ի, 1991-2001 թթ.՝ Orchestre National de France-ի գեղարվեստական ղեկավարը: 1996 թ. նշանակվել է Տոկիոյի NHK Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Այժմ այդ նվագախմբի Պատվավոր գեղարվեստական ղեկավարն է:
Կատարել է ավելի քան 200 ձայնագրություններ, որոնց համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ երկու Grammy:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան