Գրականության և արվեստի թանգարանում պահվող Աշուղ Ջիվանիի արխիվը կթվայնացվի
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և ամերիկահայ բարերար, գործարար, պրոդյուսեր, SKYFIST ստուդիայի հիմնադիր և ղեկավար Պողոս Հարությունյանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր։
SKYFIST ստուդիայից մանրամասնում են, որ համաձայնագրով Հարությունյանը, ով հանդիսանում է հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ, աշուղ Ջիվանիի ազգական հետնորդը, կաջակցի Ջիվանիի ժառանգության թվայնացմանը։ Մասնավորապես, թանգարանի համար համագործակցության շրջանակներում ձեռք է բերվել սքաներ` աշուղ Ջիվանիի արխիվային նյութերը սկանավորելու և հետագա սերունդների համար պահպանելու նպատակով։
Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել համագործակցության համար՝ վստահեցնելով, որ այն կունենա արգասաբեր պտուղներ։ Պողոս Հարությունյանը, որպես Ջիվանու գերդաստանի ներկայացուցիչ, շատ կարևոր է համարում այս քայլը՝ մեծ աշուղի ժառանգության պահպանման համատեքստում։
Աշուղ Ջիվանու (Սերոբ Լեւոնյան, 1846-1909) անունը կապվում է աշուղական արվեստի նոր հայկական դպրոցի հետ։ Աշուղն իր երգերում նկարագրել է հասարակ մարդկանց աղքատությունն ու իրավունքների բացակայությունը, դատապարտել կեղեքողներին։ Ջիվանու երգերից շատերը հայտնի դարձան, երբ լիրիկական, ռոմանտիկական գործերը փոխարինվեցին դիմադրության ու սոցիալական բողոքի երգերով՝ հեգնական, մեղադրական ու երգիծական։ Ջիվանին իր տաղանդի համար ստացել է ազգային ճանաչում։ Չնայած այն հանգամանքին, որ Ջիվանին ապրել է հիմնականում Թիֆլիսում (թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում), աշուղի ստեղծագործական կյանքը կապված է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) հետ։ Ջիվանին քաջածանոթ էր 19-րդ դարի հայ գրականությանը, որը մեծ ազդեցություն է թողել նրա ստեղծագործության վրա։ Ի տարբերություն Սայաթ-Նովայի և իր ժամանակի աշուղների, ովքեր հաճախ էին դիմում այլ լեզուներից (ֆարսի, արաբերեն, վրացերեն, թուրքերեն) փոխառություններին, Ջիվանու պոեզիան առանձնանում է հայերենի առանձնահատուկ մաքրությամբ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Ջիվանին մինչև 1000 ստեղծագործությունների հեղինակ է։
Թանգարանում պահվում է Ջիվանիի ձեռագիր ժառանգությունը՝ բանաստեղծությունների ինքնագիր տետրերը, աշուղի նամակները, նույնիսկ հրատարակչությունների հետ պայմանագրերը՝ Ջիվանու ստեղծագործությունների հրատարակման վերաբերյալ։
Պողոս Հարությունյանը Հայաստանում էր՝ հետևելու Էնդրյու Լլոյդ Ուեբերի էքստրավագանտ գլուխգործոցի՝ «Սանսեթ բուլվար» մյուզիքլի բեմադրման գործընթացին։ Մյուզիքլը հանրությանը կներկայացվի հաջորդ տարվա ապրիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան