«Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ AMC կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նկարահանված ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022 թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։
Այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում ընդգրկում են 4-8 արտասահմանյան ֆիլմեր. այս տարի ցանկում է նաև հայկական արտադրության «Դրախտի դարպասը» ֆիլմը։
Նշենք, որ «Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել էր սեպտեմբերի 2-3-ն անցկացվող «Be Epic» Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրի (Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ) համատեղ արտադրություն է։
Ըստ ֆիլմի բովանդակության՝ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆյայի հաճախակի հանդիպումներն արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է: 1992 թ․-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը ֆոտոլրագրողին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:
Ֆիլմի ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, սցենարիստներ՝ Արտավազդ Եղիազարյան, Մկո Մալխասյան, օպերատոր՝ Ռիտիս Կուրկուլիս, դերասաններ՝ Ռիխարդ Զամել, Տատյանա Սպիվակովա, Սոս Ջանիբեկյան, Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս, Նաիրա Զաքարյան, Նինա Կրոնյագեր, Բենեդիկտ Ֆրեյթագ, պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Կեստուտիս Դրազդաուսկաս, ընկերություններ՝ «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամ, «Արթբոքս» կինոընկերություն։