Երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ կանցկացվի
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 22-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգ՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ ելույթ կունենա երգեհոնահար Լադա Լաբզինան (Ռուսաստան)։ Ծրագրում՝ Միքայել Թարիվերդիևի երգեհոնային ստեղծագործություններն են, մասնավորապես՝ Երգեհոնի կոնցերտ #1 «Կասանդրա»-ն, Հինգ խորալային պրելյուդ երգեհոնի համար «Հին վարպետների նմանակում» շարքից, Սիմֆոնիա երգեհոնի համար «Չեռնոբիլ»-ը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ը Հայաստանում անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 12 համերգ Երևանում, Կապանում և Չարենցավանում:
Փառատոնին մասնակցում են արտերկրի հայտնի երգեհոնահարներ Ֆաբիո Մաչեռան (Իտալիա), Եվգենի Ավրամենկոն (Ռուսաստան), Ժան-Պիեռ Սթայվերսը (Նիդեռլանդներ), Լադա Լաբզինան (Ռուսաստան), Էմմանուել Առաքելյանը (Ֆրանսիա): Երգեհոնահարները կանցկացնեն նաև վարպետության դասեր:
Հայկական երգեհոնային դպրոցը ներկայացնում են Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Հովհաննես Մանուկյանը, Արմեն Աղաջանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Լուսինե Հարությունյանը, Վահագն Մարգարյանն ու Մարինա Նահապետյանը:
Փառատոնի ընթացքում հնչում են ինչպես դասական երգեհոնային ստեղծագործություններ, այնպես էլ հայկական երաժշտական գոհարների երգեհոնային մշակումներ և հայ հեղինակների երգեհոնային ստեղծագործություններ: