«Հրապարակ». «Հակահարված չեղավ, որովհետև կրկին արգելված էր կրակ բացել»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ջերմուկից մեզ հաղորդում են, որ թշնամին ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը, այլև ամեն օր ամրացնում է դիրքերը։ «Սև հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ջերմուկը հիմա վտանգի տակ է՝ ցանկացած պահի կարող են մինամյոտներով Ջերմուկ քաղաքը հավասարեցնել հողին։ Ընդամենը 4 կիլոմետր, Ջերմուկի «Գոմեր» կոչվող հատվածի վերևը նստած են թուրքերը ու շատ քրտնաջան շինաշխատանքներ են կատարում, ճանապարհներ են սարքում, ու տեսնեք՝ ինչ ձևի»։ Իսկ ինչքա՞ն են առաջ եկել և ի՞նչ աշխատանքներ են իրականացնում։
«Ամբողջ գծով, բացի մի կետից, որ մեր ջոկատն էր, որտեղ մի սանտիմետր թշնամին առաջ չի եկել, մնացած տեղերում մինչև ութ կիլոմետր ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ջերմուկի ուղղությամբ բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, նախկին մեր դիրքերի 90 տոկոսը, որոնք մեր զինվորներն էին պահում, հիմա ադրբեջանցիներն են այդ դիրքերում նստած։ Մոտավորապես 15 դիրք ենք կորցրել։ Մի դիրքն էլ մյուսից մեկ, երկու, երեք, չորս, երբեմն ավելի կիլոմետր տարածքով են իրարից հեռու»։
Ի՞նչ աշխատանքներ են կատարում ադրբեջանցիները։ «Նրանք ցանկացած պատերազմի ժամանակ երբ տարածք են գրավում, առաջինը ճանապարհներ են կառուցում ու շատ արագ։ Նպատակը, որ արագ զինտեխնիկա, զորք շարժեն այդ ճանապարհով։ Մեր տարածքներում մարդիկ ոտքով են սնունդ հանում, թշնամին այնպիսի արագությամբ է ճանապարհներ սարքում, այնպիսի որակի, որ կարող եք այդ սարերի մեջ անգամ մարդատար մեքենաներով արագընթաց սլանալ։
Իրենց զինվորի մասին մտածելով՝ խրամատներ են փորում՝ երկաթբետոնե, ահռելի ծավալով, մրջյունների նման աշխատում են։ Անգամ վերջերս, երբ մեր տրակտորին ու կամազին խփեցին, այդ ժամանակ դա մեր վերահսկողության տակ էր... խփեցին ու բերեցին իրենց դոմիկները հենց այդ բլուրում դրեցին ու նստեցին։ Ու հակահարված չեղավ, որովհետև կրկին արգելված էր կրակ բացել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա