«Ոսկի սերմեր». Ցավն անդարմանելի է, բայց այն պետք է հաղթահարել այնպես, ինչպես արել է Էրիկ Հաջիկյանը
Հայաստանի ամերիկյան համալսարանի Գևորգ և Սէֆիլ Քեշիշյանի անվան ուսանողական միությունում երեկ երեկոյան տեղի ունեցավ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի 2-րդ կրթամրցանակաբաշխությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Էրիկ Հաջիկյանի հիշատակին։
Էրիկը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 16-ին։
«Կրթամրցանակի գաղափարը ծնվել է կորստի ցավից։ Ցավն անդարմանելի է, բայց այն պետք է հաղթահարել այնպես, ինչպես արել է Էրիկ Հաջիկյանը և մեր մյուս հերոսները՝ արժանապատվությամբ և աշխատանքով։ Ասելիք չունեմ Էրիկի ընտանիքին՝ հորը, մորը, բացի շնորհակալությունից»,-միջոցառման ժամանակ ասաց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց Էրիկի դպրոցին, Ամերիկյան համալսարանին նման քաղաքացի ձևավորելու համար։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի ամերիկյան համալսարանը Էրիկ Հաջիկյանի հիշատակին նվիրված կրթամրցանակ են սահմանել ՀԱՀ Զաւէն և Սոնիա ԱԳԵԱՆ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետում։
Յուրաքանչյուր կիսամյակ Էրիկի սովորած ֆակուլտետի ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցելու նախօրոք հայտարարված մրցույթին և նվաճելու Էրիկ Հաջիկյանի անունով մրցանակը կրելու պատիվը, ինչպես նաև արժանանալու դրամական խրախուսանքի։
Կրթամրցանակը հանձնվեց 2-րդ անգամ․ հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հերոսացած Էրիկ Հաջիկյանի անունը կրթության առաջընթացին շաղկապելն, ըստ կազմակերպիչների, լավագույն տուրքն է նրա խնկելի հիշատակին։
«Մեր նպատակն է, որ պարբերաբար փառաբանվեն մեր ոսկի սերմերը՝ ոսկԻ ՍԵՐՆԴԻ ներկայացուցիչները։ Նրանք այսօր մեզ հետ չեն, բայց մի օր անպայման հետ կգան»,-ասաց Արմինե Պետրոսյանը։
Էրիկին ճանաչողները նրան ներկայացնում են որպես անփոխարինելի ընկեր՝ կենսախինդ, տաղանդավոր, նպատակասլաց, շրջապատի ուրախությունն էր, դասախոսների՝ սիրելին, հարազատների՝ հպարտությունը։
Խելացի ու պարզ աչքերով, լուսավոր ժպիտով երիտասարդն ամերիկյան համալսարանի ուսանող էր՝ ապագա ինժեներ։
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններից վերադառնալուց անմիկջապես հետո մեկնել է ռազմաճակատ, որտեղ էր նաև եղբայրը։ Որպես տանկիստ մասնակցել է Ջրականի թեժ մարտերին, անմահացել Իշխանաձորում։
«Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայողների դասային որակավորման 3-րդ կարգի կրծքանշան»...
սրանք պատերազմում զոհված Հաջիկյան Էրիկի կրծքանշաններն են՝ իր համազգեստի վրա, որը հրաշքով է հասել հարազատներին։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխություն
- «Ոսկի սերմեր». Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրը
- «Ոսկի սերմեր»․ Վաչագան Մանուկյանի անվան Երախտիքի և հարգանքի կրթամրցանակը կհանձնվի մայիսի 23-ին
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնում
- «Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը