Հայաստանում նոր ատոմային բլոկի կառուցումը կբերի նոր «Չերնոբիլի»․ Էներգետիկ փորձագետ
Էներգետիկ փորձագետները դժգոհում են Էներգիտային ոլորտում տարվող քաղաքականությունից։ Մասնավորապես, Panorama.am-ի հետ զրույցում Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը մտահոգություն հայտնեց, որ ոլորոտում իրականացվում են ծրագրեր, որոնք վտանգավոր կարող են լինել երկրի անվտանգության տեսակետից։
«Առաջարկվում է 1200 Մգ/Վտ հզորությամբ ատոմային բլոկի կառուցում, ինչը Հայաստանի համար աղետալի կլինի։ Հստակ պատկերացնելու համար ասեմ, որ ողջ Հայաստանում գործող ատոմային բլոկի, ջերմային կայանների, հիդրոկայաններիը, ՓՀԷԿ-երի հզորությունը միասին, ամենածանրաբեռնված ժամին, 1200 Մգ/Վտ է։ Հիմա ուզում են մի ատոմային բլոկով այս արդյունքը ստանան։ Ասում են ՝ մենք էներգիա արտահանող երկիր ենք, դրա համար մեզ անհրաժեշտ է, բայց դա սխալ կարծիք է։ Ոչ ոք Հայաստանից էլեկտրաէներգիա չի գնում և չեն էլ գնի, բացի Իրանից, այն էլ՝ մեկ միավոր գազի դիմաց երեք միավոր էլեկտրաէներգիա ստանալու պայմանով։ Սա էլ ժամանակավոր է՝ մինչև պայմանագրի ավարտը»,- ասաց Էդվարդ Արզումանյանը։
Նրա խոսքով՝ գործող Մեծամորի ՀԱԷԿ-ի 2-րդ 440Մվտ հզորությամբ բլոկը 2021թ նոեմբերին ստացել է մինչև 2031թ․-ն աշխատելու լիցենզիա՝ այն պայմանով, որ 2026թ․-ին կկատարվեն ռեակտորի ստուգման գործառույթներ,որից հետո կերկարաձգվի աշխատանքային լիցենզիան՝ մինչև 2041թ:
«Այսինքն՝ նոր ատոմային բլոկի մասին կարելի է խոսել կամ մտածել մոտ 9-10 տարի հետո՝ 2032թ․-ից: Այս պահին Հայաստանում նոր ատոմային բլոկի մասին խոսեկը, այն էլ 1200Մվտ հզորության, էներգետիկ տեսակետից անգրագիտություն է, իսկ հետևանքների գնահատման տեսակետից՝ պետական հանցագործություն: Այդպիսի 1200Մգ/վտ ատոմային բլոկի կառուցումը Հայաստանում կարող է բերել նոր «Չերնոբիլի»: Սա ունի գիտական և տեխնիկական բացատրություն։ Այս ամենի մասին գրել եմ երկրի ղեկավարությանը, սակայն որևէ արձագանք այդպես էլ չեմ ստացել»,- նշեց Արզումանյանը։
Մասնագետը մյուս կողմից էլ առաջ է քաշում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման խնդիրը։
«Այս կայանի կառուցման համար նախատեսվում է ներդնել ավելի քան 6 մլդ դոլար։ Սա նշանակում է, որ առաջիկա 10-15 տարվա ընթացքում էներգետիկայի սակագնի մեջ հաշվի կառնվեն այս գումարները և սակագինը կբարձրանա։ Պարզ է՝ ծախսեր են արվել և պետք է վճարվեն։ Կարող ենք ասել, որ նոր ատոմային բլոկի կառուցումը կբերի էներերգիայի սակագնի բարձրացման։ Եթե հիմա 49 դրամ է, ապա այդ դեպքում կդառնա մոտավորապես 60 դրամ»։
Սա այն պայմաններում, երբ արդեն իսկ փորձագետի գնահատմամբ՝ անհիմն թանկացումներ են եղել։
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, որը տեղի ունեցավ վերջին ժամանակներս, անհիմն է։ Կան այնպիսի սխալներ, որոնց ուղղումը թույլ կտար սակագինը նվազեցնել, ոչ թե բարձրացնել։ Օրինակ՝ էլեկտրական ցանցում կորուստների ճիշտ պլանավորում և հաշվառում իրկանացնելը։Սակայն այս խնդիրները վերցացնելու փոխարեն, բարձրացնում են սակագինը»,- հավելեց նա՝ պնդելով, որ հնարավոր էր սակագինը նույնիսկ իջեցնել՝ 4-5 դրամով։
Հարակից հրապարակումներ`
- Մեծամորի ատոմակայանը սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի. Թուրք պաշտոնյա
- ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման
- Թուրքիան պատրաստվում է ևս երկու ատոմակայան կառուցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան