Արայիկ Հարությունյանը պահեստազորի սպաների հետ քննարկել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին, վերջերս Երևանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների մանրամասները ներկայացնելու նպատակով մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում, ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։
ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ներկաներին հուզող մի շարք հարցերի՝ վստահեցնելով նրանց, որ պահեստազորի սպաների սոցիալական խնդիրները մշտապես գտնվում են ԱՀ իշխանությունների ուշադրության ներքո։